ԱՄՆ գլխավոր դատախազը աշխատանքից հեռացրել է ՀԴԲ փոխտնօրենին

ԱՄՆ-ի արդարադատության նախարար և գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը որոշել է աշխատանքից հեռացնել Հետաքննությունների դաշնային բուրոյի ղեկավարի տեղակալ Էնդրյու Մաքեյբին, որն ակտիվ մասնակցություն է ունեցել 2016 թ․ ամերիկյան նախագահական ընտրությունների հարցով հետաքննությանը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

«Համընդհանուր և արդար հետաքննությունից և արդարադատության նախարարության համապատասխան գործողություններից հետո արդարադատության գլխավոր տեսչական բաժինը ներկայացրել է զեկույց, որը վերաբերվում է Էնդրյու Մաքեյբի՝ ՀԴԲ-ում իր մասնագիտական պարտականությունները լիարժեք չկատարելուն», - ասվում է Սեշնսի տարածած հաղորդագրության մեջ։

Նրա խոսքով՝ ՀԴԲ-ի համապատասխան ստորաբաժանումն ուսումնասիրել է վերոնշյալ զեկույցը և առաջարկել է հեռացնել Մաքեյբին։

Համաձայն անցկացված ստուգումների՝ ՀԴԲ-ի փոխտնօրենը, չունենալով համապատասխան թույլտվություն, տեղեկություններ էր հաղորդել լրատվական գործակալություններին՝ շատ դեպքերում չլինելով անկեղծ։

«Հիմնվելով գլխավոր տեսուչի զեկույցի, ՀԴԲ-ի մասնագիտական պատասխանատվությունների բաժնի եզրակացությունների և արդարադատության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների առաջարկների վրա՝ ես որոշել եմ այս պահից սկսած դադարեցնել Մաքեյբի լիազորությունները», - շարունակել է Սեշնսը։

Անձամբ Մաքեյբն ավելի վաղ հայտարարել էր ինքնակամ հեռանալու պատրաստակամության մասին, և որպես ՀԴԲ-ի աշխատակից նա կարող էր լինել գերատեսչությունում մինչև այս կիրակի։ Սակայն, ինչպես հաղորդում է The New York Times-ը, նրա նկատմամբ դատավարություն էր սկսվել՝ կապված այն բանի հետ, որ իր ենթականերին թույլատրել է լրատվամիջոցների հետ քննարկել ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնին պատկանող բարեգործական ֆոնդի նկատմամբ անցկացվող հետաքննության արդյունքները։

Նախագահ Դոնալդ Թրամփը և հանրապետական կոնգրեսականները բազմիցս մեղադրել են Մաքեյբին քաղաքական հակումներ ունենալու մեջ։

CNBC հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Թրամփը և իր կուսակիցերը դժգոհ են, որ Մաքեյբը մեծ դերակատարություն է ունեցել Հիլարի Քլինթոնի կողմից անձնական փոստի սերվերը գաղտնի փաստաթղթերի համար օգտագործելու վերաբերյալ սկսված հետաքննությանը։ Այս հետաքննության արդյունքում Քլինթոնի նկատմամբ ոչ մի մեղադրանք չի առաջադրվել։ Թրամփի և մյուս հանրապետականների մոտ հարցեր են առաջացել նաև 2016 թ․ ամերիկյան նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության հարցով սկսված հետաքննությանը Մաքեյբի կատարած դերի առնչությամբ։

Ջեֆ Սեշնսի որոշումից հետո ամերիկյան լրատվամիջոցները տարածեցին Հետաքննությունների դաշնային բյուրոյի արդեն նախկին փոխտնօրենի պատասխանը, որտեղ նա հիշեցնում է, որ ամբողջ կյանքը պայքարել է Նյու Յորքում «ռուսական կազմակեպված հանցավորության դեմ», ինչպես նաև զբաղվել ազգային անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի կարևոր գործերով։

«Վերջին մեկուկես տարվա ընթացքում ես և ընտանիքս ենթարկվել ենք իմ վարկանիշը գցել ցանկացողների հարձակումներին», - պնդել է Մաքեյբը։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա մայիսի 9-ին Դոնալդ Թրամփն աշխատանքից ազատել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմիին։ Նա այդ որոշումը կայացրել է ԱՄՆ-ի գխավոր դատախազ, արդարադատության նախարար Ջեֆ Սեշնսի խորհրդով։ Վերջինս պնդում էր, որ Քոմին լավ չի կատարում իր աշխատանքը։

Քոմին ՀԴԲ-ի տնօրենի պաշտոնում նշակավել է Բարաք Օբամայի կողմից 2013 թ. և ղեկավարել է այն մոտ 4 տարի։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.