Facebook-ը հետաքննություն է սկսել՝ կապված մոտ 50 միլիոն օգտատերերի տվյալների յուրացման հետ

Facebook սոցիալական ցանցը սեփական հետաքննությունն է անցկացնում՝ կապված իր աշխատակիցների կողմից մոտ 50 միլիոն օգտատերերի տվյալները յուրացնելու հետ։ Ենթադրվում է, որ նրանք օգտագործել են օգտատերերի անձնական տվյալները ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբին աջակցելու համար։ Այս մասին գրում է Lenta-ն՝ հղում կատարելով CNN-ին։

Կորպորացիայի ղեկավարությունը պարզել է, որ Facebook-ի աշխատակիցներ Ժոզեֆ Քանսելորը և Ալեքսանդր Կոգանը  Global Science Research ընկերության հիմնադիրներն են․ հենց այս ընկերությունն էլ տվյալները ներկայացրել է Cambridge Analytica հարթակին։ Վերջինս սերտ կապեր ուներ Թրամփի նախընտրական շտաբի հետ։

Նշվում է, որ ընկերությունը տիրապետում է տասնյակ միլիոնավոր օգտատերերի հաշիվներին, որոնք օգտվել են thisisyourdigitallife անվան տակ գտնվող հավելվածից։ Օգտատերերին այն ներկայացվել է որպես «հոգեբանական պատկեր» ստեղծող ծրագիր։

Օրեր առաջ սոցցանցում հաղորդագրություն էր հայտնվել, որ մինչև հանգամանքների պարզվելը կասեցվում է ռազմավարական հաղորդակցության լաբորատորիայի աշխատանքը։ Քանսելորը և Կոգանը հենց այս ստորաբաժանման աշխատակիցներ են։ Ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է համագործակցությունը նաև Cambridge Analytica-ի հետ։

Ավելի ուշ ընկերությունը լրացրեց տեղեկությունը նրանով, որ Կոգանն իբր չի խախտել գաղտնիության սկզբունքը, իսկ օգտատերերն իրենք են համաձայնել տվյալները մշակել՝ գրանցվելով այդ հավելվածում։ Դեռ հայտնի չէ, թե ընկերության այս երկու աշխատակիցները ինչքանով են չարաշահել իրենց աշխատանքային դիրքը։

Cambridge Analytica կայքում նշված է, որ ընկերությունը զբաղվում է տվյալների վերլուծությամբ, այդ թվում նաև քաղաքական ծրագրերի համար։ 2016 թ․ Facebook-ն արգելափակել էր thisisyourdigitallife հավելվածը՝ պահանջելով հեռացնել տեղեկությունները։ Օրեր առաջ, սակայն, պարզ էր դարձել, որ Cambridge Analytica-ն չի կատարել պահանջը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.