Ազատագրվել է Արևելյան Գուտայի տարածքի ավելի քան 65%-ը․ Շոյգու

Վերջին 5 օրերի ընթացքում ազատագրվել է Արևելյան Գուտայի տարածքի 65%-ը։ Այս մասին, ինչպես հայտնում է Ռիա Նովոստի-ն, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Նրա խոսքով՝ հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը կատարում է իր մասշտաբներով եզակի և աննախադեպ հումանիտար գործողություն։

«Վերջին հինգ օրերի ընթացքում Արևելյան Գուտայից հումանիտար միջանցքներով տարհանվել է մոտ 80 հազար մարդ», - ասել է Շոյգուն։

Նա նշել է, որ ռուս զինվորականներն ամենից առաջ զբաղվում են խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելով և նրանց հումանիտար օգնություն հասցնելով։

«Ամենակարճ ժամկետներում հասցվել է 427 տոննա սննդամթերք, շշալցված խմելու ջուր, 7100 ներքնակ և սպիտակեղեն, 21840 բնակչի հասցվել է տաք սնունդ», - նշել է նախարարը։

Նա հայտնել է նաև, որ Դամասկոսի արգելափակված արվարձաններ են ժամանել ՄԱԿ-ի ավտոշարասյուներ՝ 445 տոննա բեռով։

«Չնայած ահաբեկչական խմբավորումները մշտապես փորձում են խաթարել հումանիտար գործընթացները, այնուամենայնիվ, բանակցություններ են տարվում զինյալների հրամանատարության հետ այս աղետալի իրավիճակին վերջ դնելու նպատակով», - շարունակել է Շոյգուն՝ նշելով, որ սիրիական պատերազմի մեջ Ռուսաստանի միջամտությունից հետո ազատագրված տարածքներ են վերադարձել ավելի քան 1 միլիոն 300 հազար սիրիացիներ։

Նախարարի խոսքով՝ վերջին շաբաթվա ընթացքում կանխվել է քիմիական նյութերով սադրանքներ հրահրելու ահաբեկիչների երեք փորձ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.