Պեսկովը մանրամասներ է ներկայացրել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցից

Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցն անցել է շատ կառուցողական և աշխատանքային մթնոլորտում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ առաջնորդը Պուտինին շնորհավորել է նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

«Ես իրավունք չունեմ և չեմ էլ ցանկանում որևէ կերպ մեկնաբանել Սպիտակ տան ներքին գործերը, մենք առանց այդ էլ շատ աշխատանք ունենք անելու», - ասել է Պեսկովը՝ անդրադառնալով այն տեղեկություններին, որ Թրամփի խորհրդականները նրան խորհուրդ են տվել չշնորհավորել Պուտինին։

Ինչպես նշել է Կրեմլի մամուլի խոսնակը, երկու նախագահները համաձայնել են, որ առկա խնդիրների քանակը ստիպում է առանձին հանդիպում ունենալ։ Սակայն կոնկրետ որևէ ժամկետ չի նշվել տվյալ հանդիպման համար։ Կողմերը հայտնել են նաև համաշխարհային անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի հարցերում ջանքերը միավորելու իրենց պատրաստակամության մասին։

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի առաջնորդների հնարավոր հանդիպմանը։

«Այս կարևորագույն թեման քննարկվել է, սակայն չի խոսվել տվյալ հանդիպման համար Ռուսաստանի կողմից հարթակ դրամադրելու մասին», - ասել է Պեսկովը՝ հավելելով, որ Մոսկվան պատրաստ է աջակցել Կորեական թերակղզում առկա խնդիրը լուծելուն։

«Ի վերջո, այստեղ ԱՄՆ-ի և Ռուսաստանի շահերը համընկնում են։ Հնարավոր են որոշ տարակարծություններ մեթոդաբանության և մարտավարության մեջ, սակայն ռազմավարական նպատակը մեկն է։ Մենք բոլորս էլ կողմ ենք Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը և խնդրի քաղաքական կարգավորմանը», - եզրափակել է Կրեմլի մամուլի խոսնակը։

https://ria.ru/politics/20180321/1516920360.html

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.