Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը Պուտինին համեմատել է Հիտլերի հետ

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ֆուտբոլի 2018 թ․ աշխարհի առաջնությունը փորձում է օգտագործել, որպեսզի բարձրացնի Ռուսաստանի վարկանիշը։ Այս մասին գրում է Lenta-ն՝ հղում կատարելով Reuters գործակալությանը։

Ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանում՝ Ջոնսոնը պատգամավորներից մեկի հետ եկել է այն եզրահանգման, որ այս ամենը նման է Ադոլֆ Հիտլերի քայլերին, երբ վերջինս օգտագործում էր 1936 թ․ Բեռլինում անցկացված Օլիմպիական խաղերը։

«Կարծում եմ՝ շատ ճիշտ է այս իրավիճակը 1936 թվականի հետ համեմատելը», - ասել է Ջոնսոնը։

Նրա խոսքով՝ սխալ կլիներ Անգլիայի ֆուտբոլի հավաքականին աշխարհի առաջնությանը մասնակցելուց զրկելը, սակայն շատ կարևոր է նաև երկրպագուների անվտանգությունը։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ երկրի ԱԳՆ-ն անհանգստացած է Ռուսաստանում անցկացվելիք աշխարհի առաջնությանը երկրպագուների անվտանգության համար։ Մարտի սկզբին բրիտանական կառավարությունը որոշել էր նվազեցնել առաջնությանը Ռուսաստան մեկնող պատվիրակության անդամների թիվը։

Մոսկվայի և Լոնդոնի հարաբերությունները կտրուկ սրվել են այն բաից հետո, երբ բրիտանական Սոլսբերի քաղաքում թունավորվել են ՌԴ Հետախուզության գլխավոր վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը։ Նրանք երկուսն էլ դեռ կոմայի մեջ են։

Բրիտանական կողմի տվյալներով՝ դեպքի վայրում հայտնաբերվել են «Новичок» անունը կրող թունավոր նյութի հետքեր։ Այս նյութն իբր պատրաստվել է ԽՍՀՄ-ում՝ ռազմական նպատակների համար։ Ռուսաստանը կտրականապես հերքում է այս մեղադրանքը։

Թերեզա Մեյը հայտարարել էր, որ «մեծ հավանականությամբ Մոսկվան առնչություն ունի այս դեպքի հետ», և պահանջել էր ռուսական կողմին բացատրություն տալ։

ՌԴ արտաքին գործերի նախարարությունն այս հայտարարությունը համարել է հերթական «կրկեսային ներկայացում՝ հիմնված սադրանքների վրա»։ Սերգեյ Լավրովի խոսքով՝ բրիտանական կառավարությունը չի ներկայացրել ոչ մի ապացույց կամ պաշտոնական հարցում այս գործով։

Ավելի ուշ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարեց, որ երկրից արտաքսվում են ռուս 23 դիվանագետներ։ Սրան ի պատասխան՝ Մոսկվան նույնպես հայտարարեց բրիտանացի 23 դիվանագետների արտաքսելու, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում Միացյալ Թագավորության գլխավոր հյուպատոսարանը փակելու մասին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.