Կրեմլը զզվելի է համարում Ռուսաստանը Նացիստական Գերմանիայի հետ համեմատելը

Կրեմլը վիրավորական և անթույլատրելի է համարում Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի կողմից Նացիստական Գերմանիայի հետ համեմատություն անցկացնելը։ Այս մասին հայտարարել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը․ գրում է Ռիա Նովոստի-ն։

«Ամբողջովին զզվելի արտահայտություն, որը չի սազում ցանկացած երկրի ԱԳ նախարարի», - ասել է Պեկսովը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ բրիտանական խորհրդարանի պատգամավոր, Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ Յան Օստին հայտարարել էր, որ Պուտինը «ցանկանում է օգտագործել ֆուտբոլի 2018 թ․ աշխարհի առաջնությունը, ինչպես Հիտլերը օգտագործեց 1936 թ․ Օլիպիական խաղերը»։ Պատգամավորի խոսքը լրացրել էր Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը՝ ասելով․ «Ինչպես PR քայլ»։

Մոսկվան ընդգծել էր, որ նման հայտարարությունը «չի սազում եվրոպական երկրի արտաքին գործերի նախարարի»։ ՌԴ ԱԳՆ-ում հիշեցրել են, որ Խորհրդային Միությունը միլիոնավոր կյանքեր է զոհել նացիզմի դեմ պայքարում։

«Եթե Սկրիպալի թունավորման գործում չկա հստակություն Մեծ Բրիտանիայի կողմից տվյալները չփոխանցելու պատճառով, ապա այլ իրավիճակ է Բորիս Ջոնսոնի պարագայում․ ակնհայտ է, որ նա թունավորված է ատելությամբ և չարությամբ», - ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

Մոսկվայի և Լոնդոնի հարաբերությունները կտրուկ սրվել են այն բաից հետո, երբ բրիտանական Սոլսբերի քաղաքում թունավորվել են ՌԴ Հետախուզության գլխավոր վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը։ Նրանք երկուսն էլ դեռ կոմայի մեջ են։

Բրիտանական կողմի տվյալներով՝ դեպքի վայրում հայտնաբերվել են «Новичок» անունը կրող թունավոր նյութի հետքեր։ Այս նյութն իբր պատրաստվել է ԽՍՀՄ-ում՝ ռազմական նպատակների համար։ Ռուսաստանը կտրականապես հերքում է այս մեղադրանքը։

Թերեզա Մեյը հայտարարել էր, որ «մեծ հավանականությամբ Մոսկվան առնչություն ունի այս դեպքի հետ», և պահանջել էր ռուսական կողմին բացատրություն տալ։

ՌԴ արտաքին գործերի նախարարությունն այս հայտարարությունը համարել է հերթական «կրկեսային ներկայացում՝ հիմնված սադրանքների վրա»։ Սերգեյ Լավրովի խոսքով՝ բրիտանական կառավարությունը չի ներկայացրել ոչ մի ապացույց կամ պաշտոնական հարցում այս գործով։

Ավելի ուշ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարեց, որ երկրից արտաքսվում են ռուս 23 դիվանագետներ։ Սրան ի պատասխան՝ Մոսկվան նույնպես հայտարարեց բրիտանացի 23 դիվանագետների արտաքսելու, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում Միացյալ Թագավորության գլխավոր հյուպատոսարանը փակելու մասին։

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.