ՌԴ ՊՆ կայքը ենթարկվել է զանգվածային կիբերհարձակումների

ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը ենթարկվել է զանգվածային կիբերհարձակման։ Այս մասին, ինչպես գրում է Ռիա Նովոստի-ն, հայտնել են ՊՆ մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ հաձակումները տեղի են ունեցել նոր հայրենական զինատեսակների անվանումները որոշելու վերջնական քվեարկության ժամանակ։

Պաշտպանության նախարարությունը ողջ օրվա ընթացքում արձանագրել է 7 հարձակում։ Դրանցից 5-ը եղել է միջին ինտենսիվության, իսկ 2-ը՝ ավելի հզոր։ Հարձակումները կատարվել են Արևմտյան Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Ուկրաինայի տարածքներից։

Համակարգչային անվտանգության ծառայությանը հաջողվել է չեզոքացնել գրոհները։

Պաշտպանական գերատեսչության կայքում առցանց քվեարկությունն ավարտվել է մարտի 22-ին՝ Մոսկվայի ժամանակով 20:00-ին։ Քվեարկության վերջին րոպեներին կայքի դիմումների թիվը հասել է վայրկյանում մի քանի տասնյակ հազարի։ Եվս 600 հազար այցելուներ ամբողջ աշխարհից հետևել են քվեարկության ընթացքին։

Քվեարկության արդյունքում ստորջրյա անօդաչուն ստացել է «Посейдон» անվանումը, մարտական նոր լազերային համալիրը կոչվել է «Пересвет», իսկ միջուկային էներգակայանով թևավոր հրթիռը՝ «Буревестник»։  

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայացրել էր ռուսական նոր սերնդի զինատեսակներ, որոնք առաջինն են աշխարհում։ Դրանցից մեկը «Կինժալ» անունը ստացած հիպերձայնային համալիրն է, որը ձայնի արագությունը գերազանցում է ավելի քան 10 անգամ՝ կարողանալով թիրախին հասնել հաշված րոպեների ընթացքում։ Այս զինատեսակի առանձնահատկությունն այն է, որ կարողանում է մանևրել թռիչքի հետագծի բոլոր հատվածներում՝ շրջանցելով հակաօդային և հակահրթիռային պաշտպանության տան գտնվող գոտիները։ Այն կարող է կրել ինչպես միջուկային, այնպես էլ՝ սովորական մարտագլխիկներ։

ՌԴ նախագահը ներկայացրել էր նաև մեկ այլ հիպերձայնայն համալիր, որը կոչվում է «Ավանգարդ»։ Այս զինատեսակը կարողանում է մթնոլորտի խիտ շերտերով թռչել միջմայրցամաքային հեռավորություններ։ Այն կարողանում է ձայնի արագությունը գերազանցել ավելի քան 20 անգամ։

Մասնագետների համոզմամբ՝ նման զինատեսակները անպիտան են դարձնում ամերիկյան հակաօդային պաշտպանության ողջ համակարգը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.