Արևելյան Գուտայից դուրս է բերվել մոտ 1000 ահաբեկիչ

Արևելյան Գուտայի Արբիլ բնակավայրում բացված հումանիտար միջանցքով մարտի 24-ին դուրս են եկել «Ֆեյլաք ալ Ռահման» խմբավորման մոտ հազար զինյալ և նրանց ընտանիքի անդամներ։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության կայքը․ գրում է ՏԱՍՍ-ը։

«Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի և «Ֆեյլաք ալ Ռահման» խմբավորման առաջնորդների միջև տեղի ունեցած բանակցություններից հետո համաձայնություն է ձեռք բերվել զինյալներին Արբիլ բնակավայրով դուրս բերելու մասին։ Մարտի 24-ին հումանիտար միջանցքով Արևելյան Գուտայից դուրս են եկել 988 զինյալ և նրանց ընտանիքների անդամները, որոնք Իդլիբ են հասցվել 17 ավտոբուսներով», - ասվում է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ողջ երթուղու ընթացքում զինյալների անվտանգությունն ապահովել են սիրիացի ոստիկանները և Սիրիայում գործող Կարմիր մահիկի ներկայացուցիչները։ Նախօրեին Արևելյան Գուտայի Հարաստա բնակավայրից դուրս էին բերվել ևս հինգ հազար զինյալներ և նրանց ընտանիքների անդամներ։

Մարդասիրական դադարի սկզբից ի վեր հակամարտության գոտին լքել է 106182 մարդ։

Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի փոխանցմամբ՝ վերջին օրերին Արևելյան Գուտայում մոտ 2600 բնակչի հասցվել է տաք սնունդ և 700 լիտր խմելու ջուր։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.