Իռլանդիան հայտարարել է ռուս մեկ դիվանագետի արտաքսելու մասին

Իռլանդիան պատրաստվում է արտաքսել ռուս մեկ դիվանագետի՝ կապված Սկրիպալի գործի հետ։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով RTE հեռուստաալիքին։

«Դադարեցվելու է ՌԴ դեսպանի՝ դիվանագետի աստիճան ունեցող օգնականներից մեկի հավատարմագրումը», - ասել է Իռլանդիայի արտաքին գործերի նախարար Սայմոն Քովենին։

Ավելի վաղ Եվրոպական Միության անդամ 16 երկրներ, ինչպես նաև ԱՄՆ-ը, Կանադան, Նորվեգիան, Ուկրաինան և մի շարք այլ պետություններ հայտարարել էին ռուս դիվանագետների արտաքսելու մասին՝ կապված Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպի հետ։ Մասնավորապես՝ ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել են, որ արտաքսում են ռուս 48 դիվանագետի և ՄԱԿ-ում առաքելություն իրականացնող ևս 12 աշխատակցի՝ փակելով Սիեթլում ՌԴ գլխավոր հյուպատոսարանը։

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 4-ին Սերգեյ Սկրիպալը (նրան Ռուսաստանում մեղադրում են Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսություն կատարելու մեջ, -խմբ․) և նրա դուստրն անգիտակից վիճակում հայտնաբերվել են Սոլսբերի քաղաքի կենտրոնում գտնվող այգիներից մեկի նստարանին։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց․ բժիշկները նրանց վիճակը գնահատում են կայուն ծանր։ Անգլիացի իրավապահների պնդմամբ՝ նրանց թունավորել են А234 կոչվող նյարդապարալիտիկ նյութի օգնությամբ։

Թերեզա Մեյը հայտարարել էր, որ «մեծ հավանականությամբ Մոսկվան առնչություն ունի այս դեպքի հետ», և պահանջել էր ռուսական կողմին բացատրություն տալ։

ՌԴ արտաքին գործերի նախարարությունն այս հայտարարությունը համարել է հերթական «կրկեսային ներկայացում՝ հիմնված սադրանքների վրա»։ Սերգեյ Լավրովի խոսքով՝ բրիտանական կառավարությունը չի ներկայացրել ոչ մի ապացույց կամ պաշտոնական հարցում այս գործով։

Ավելի ուշ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարեց, որ երկրից արտաքսվում են ռուս 23 դիվանագետներ։ Սրան ի պատասխան՝ Մոսկվան նույնպես հայտարարեց բրիտանացի 23 դիվանագետների արտաքսելու, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում Միացյալ Թագավորության գլխավոր հյուպատոսարանը փակելու մասին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.