Թրամփը Պուտինին առաջարկել է հանդիպել Վաշինգտոնում

ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինի հետ մարտի 20-ին ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ առաջնորդին առաջարկել է երկկողմ բանակցություններ անցկացնել Վաշինգտոնում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Եթե ամեն ինչ նորմալ լինի, չեմ կարծում, թե ամերիկացիները կհրաժարվեն քննարկել բանակցություններ ունենալու իրենց առաջարկը։ Նախագահների հեռախոսազրույցի ժամանակ Դոնալդ Թրամփն առաջարկել է առաջին հանդիպումն անցկացնել Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը», - ասել է Ուշակովը։

Նրա խոսքով՝ չի քննարկվել այդ հանդիպումը տարվա առաջին կեսին անցկացնելու հնարավորությունը։

«Այս խոսակցությունից հետո, որը կրում էր կառուցողական և աշխատանքային բնույթ, անդրադարձ է կատարվել շատ հարցերի։ Դրանից հետո տեղի է ունեցել երկկողմ հարաբերությունների հերթական անկումը։ ԱՄՆ-ից արտաքսվեց 60 ռուս դիվանագետ, փակվեց Սիեթլում ՌԴ գլխավոր հյուպատոսարանը։ Ռուսական կողմը ստիպված էր հայելային պատասխան տալ ԱՄՆ-ի գործողություններին», - ընդգծել է Ուշակովը։

Նա նշել է, որ հենց այս պատճառով էլ մարտի 20-ից հետո հադիպման հարցը չի բարձրացվել։

Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը անձամբ հանդիպել են երկու անգամ։ Նախորդ տարվա հուլիսին երկու երկրների նախագահները բանակցություններ են ունեցել Համբուրգում՝ Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում։ Երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել  նոյեմբերին Դանանգում՝ Ասիական և խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ Դրանից հետո երկու նախագահները բազմաթիվ հեռախոսազրույցներ են ունեցել։

Աղբյուր՝  https://ria.ru/politics/20180402/1517763673.html?referrer_block=index_ma...

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.