Սաուդյան Արաբիան ցանկանում է կղզիացնել Կատարը

Սաուդյան Արաբիայի ներդրողների ֆոնդը ցանկանում է ջրանցք բացել Կատարի հետ սահմանագծով։ Ծրագիրը սպասում է հաստատման և շինարարությունը սկսելու թույլտվության։ Այս մասին գրում է Lenta-ն՝ հղում կատարելով սաուդական Sabq թերթին։

Նշվում է, որ սահմանի երկարությունը 60 կիլոմետր է։ Ջրանցքի ստեղծումը Սաուդյան Արաբիայի արևելյան սահմանը կդարձնի ամբողջովին առափնյա՝ զարգացնելով զբոսաշրջությունը և առևտուրը, ինչպես նաև «կենդանացնելով տարածաշրջանը»։

Բացի այդ՝ նախատեսվում է այստեղ բացել նավթային և արդյունաբերական այլ օբյեկտներ, կառուցել լողափեր և նոր նավահանգիստներ։

Նշվում է, որ շինարարությանը չեն խանգարում տարածքի բնական և սոցիալական առանձնահատկությունները։ Այստեղ չկան լեռնաշղթաներ, բնակավայրեր և գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ։

Ըստ ծրագրի՝ ջրանցքի լայնությունը կազմելու է 200 մետր, իսկ խորությունը՝ 15-ից մինչև 20 մետր։ Այն կարողանալու է ընդունել ամեն տեսակի բեռնատար և մարդատար նավեր։

Ծրագրի իրագործման արժեքը նախնական տվյալներով կազմում է 2,8 միլիարդ դոլար։

Աղբյուրի փոխանցմամբ՝ իրավաբանորեն ջրանցքն ամբողջությամբ պատկանելու է Սաուդյան Արաբիային։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.