«Ջեյշ ալ-Իսլամ» խմբավորման զինյալներն սկսել են լքել Դամասկոսի մոտակայքում գտնվող Դումեյր քաղաքը

«Ջեյշ ալ Իսլամ» ծայրահեղական խմբավորման անդամների առաջին խումբն իրենց ընտանիքների հետ միասին սկսել են լքել Դամասկոսից 50 կիլոմետր հեռու գտնվող Դումեյր քաղաքը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով սիրիական ՍԱՆԱ գործակալությանը։

Նշվում է, որ համաձայն ահաբեկչական խմբավորման ղեկավարության և սիրիական բանակի հրամանատարության միջև ձեռք բերված պայմանավորվածության՝ քաղաքից պետք է դուրս բերվի 5 հազար մարդ, որոնց թվում՝ 1,5 հազար զինյալներ։ Նրանք բոլորը պետք է ավտոբուսներով ուղևորվեն Սիրիայում հյուսիսում գտնվող Ջերաբլուսի շրջան, որը սահմանակից է Թուրքիային։

Այս ամենից հետո Դումեյր քաղաքն անցնելու է կառավարական զորքերի վերահսկողության տակ, որոնք արդեն սկսել են ականազերծել քաղաքի փողոցները և պայմաններ ստեղծել խաղաղ բնակչության վերադարձի համար։

Հիշեցնենք, որ հանձնված ծայրահեղականներն ապրիլի 17-ին իրենց զենքերը հանձնել էին սիրիական բանակի զինվորներին։

ՍԱՆԱ-ի փոխանցմամբ՝ շուրջ 60 զինյալ հայտարարել է կառավարական ուժերի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու մասին և որոշել է օգտվել համաներումից։

Ապրիլի 13-ին ավարտվել էր Արևելյան Գուտայի Դումա քաղաքում «Ջեյշ ալ Իսլամ» ահաբեկչական խմբավորման զինյալների և նրանց ընտանիքի անդամների դուրսբերման գործընթացը։

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալների համաձայն՝ Արևելյան Գուտայից դուրս է բերվել շուրջ 165 հազար մարդ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.