Լրացել է Հայոց Ցեղասպանության 103-րդ տարելիցը

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: 103 տարի է անցել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից՝ Հայոց Ցեղասպանությունից։ Ապրիլի 24-ին հայերը ու ամբողջ քաղաքակիրթ աշխարհը հարգանքի տուրք են մատուցում ավելի քան մեկուկես միլիոն հայերի կյանք խլած՝ մարդկության դեմ այդ հրեշավոր հանցագործության զոհերի հիշատակին։

Վաղ առավոտից բազմահազար մարդիկ՝ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Սփյուռքից, ինչպես նաև օտարերկրյա հյուրեր այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ մատուցելով իրենց հարգանքի տուրքը։

Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրականացված ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ են նախատեսված  նաև արտերկրում` Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների, Սփյուռքի կառույցների նախաձեռնությամբ, տեղի պետական, քաղաքական ու հասարակական գործիչների մասնակցությամբ․տարատեսակ ակցիաներ են անցկացվում աշխարհի բոլոր այն քաղաքներում, որտեղ հայեր են բնակվում։

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի աշխարհիկ ու հոգևոր առաջնորդները նախօրեին համատեղ կոչով են հանդես եկել Ապրիլի 24-ի կապակցությամբ, որում, ՀՀ նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն, ասված է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Վաղը համայն հայ ժողովուրդը՝ առաջադեմ մարդկության հետ, աշխարհի բոլոր մայրցամաքներում ոգեկոչելու է Մեծ եղեռնի զոհերի հիշատակը:

Ապրիլի 24-ը սուրբ և համընդհանուր է բոլոր հայերի, աշխարհի քաղաքակիրթ մարդկության համար: Այդ օրը ոչ մի հայ չի կարող դուրս գալ մյուսի դեմ: Հարյուր տարուց ավելի այս օրը եղել է միասնության օր, հիշատակի և սգի օր, ընդդեմ Թուրքիայի կողմից իրագործված անարդարության և այսօր ցեղասպանությունը ժխտողների դեմ բողոքի օր:

Հարգենք մեր նախնիների հիշատակը և հոգանք մեր ազգի ապագան արժանապատվորեն ու պատվով:

Պահենք և պահպանենք աշխարհի աջակցությունը և համերաշխությունը մեր հանդեպ Ապրիլի 24-ին, երբ մեզ հետ միասին հարգում են զոհերի հիշատակը և հիշում նրանց, ովքեր օգնել են վերապրողներին:

Այսօր վերապրողների ժառանգներիս պարտքն է համախմբել մեր ժողովրդին ազգային իդեալների շուրջ, լուծել մեր ներքին խնդիրները միասնաբար՝ երկխոսության և փոխըմբռման ոգով, խթանել ժողովրդի ստեղծարար ուժերը, կերտել դինամիկ զարգացող ժամանակակից Հայաստան, որը հպարտության առարկա կլինի աշխարհի բոլոր հայերի համար և ունակ՝ պաշտպանելու հայ ժողովրդի իրավունքները»:

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարքը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի՝ միաբանների ուղեկցությամբ։ Վեհափառ Հայրապետի նախագահությամբ և Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ներկայությամբ կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: 

Նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Այս առիթով հավատացելոց խոնարհումի համար դուրս էր բերվել սուրբ նահատակաց մասունքարանը: Այս մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական բաժինը:

Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ. Առեն վարդապետ Շահենյանը: Սրբազան արարողության ընթացքում Հոգեշնորհ Հայր Սուրբը, անդրադարձավ օրվա խորհրդին` մասնավորաբար նշելով. «Հայ ժողովուրդն աշխարհի երեսի վրա այն ժողովուրդներից է, որ ենթարկվել է ցեղասպանության և բնաջնջումի` ապրելով չարիքը անթիվ կոտորածների և մարդասպանության: Գարնանային այս գեղեցիկ օրերին, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, ուր բնությունը նոր կյանքով բուրում, մենք դարձյալ համախմբվել ենք մեր նահատակների հիշատակը ոգեկոչելու: Հայրուրերեքերորդ տարելիցն է 2018 թվականն ազգաբնակչության այդ կոտորածների և սպանության, սակայն, որպես քրիստոնյաներ, ովքեր հավատարիմ են մեր Տեր Հիսուս Քրիստոսի հավատքին, մենք հավատում ենք, որ մեր նահատակները հարուցյալ են ի Քրիստոս, որովհետև Տերն ասաց. «Եվ մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող» (Մատթ. Ժ 28):

Ինչքան էլ վայրագ եղան ամբողջ պատմության ընթացքում մեր ազգի դեմ գործված վճիռները, ինչքան էլ չարն ու չարիքը ուզեցին ոչնչացնել մեր ազգը, մեր Եկեղեցին, հայ ժողովուրդը մեր Տեր Հիսուսի Քրիստոսի հարուցյալ կյանքով, հարուցյալ լույսի հավատքը ունենալով, գերեզման չիջավ, որովհետև մեր կյանքը հարուցյալ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի, կյանքով արդեն իսկ լեցուն էր:

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, մենք այսօր մխիթարված ենք, որովհետև մեր նահատակները արժանացան սրբադասման, երկնավոր սրբերի թագերին և այսօր երկնքում մեզ համար բարեխոսներ են»:

Հայր Առենն ընդգծեց, որ հայ ժողովուրդը պետք է այսօր շարունակի հիշել իր նահատակներին և պահանջել, որպեսզի նման չարիք` ցեղասպանություն, տեղ չգտնի ոչ մի ազգի կյանքում:

Սուրբ Պատարագի ավարտին Մայր Տաճարի շրջափակում` Աղոթքի և ուխտի խաչքարի առջև, հանդիսապետությամբ Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց բարեխոսական կարգ:

Արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Մայր Աթոռի բարերարներ Գաբրիել Չեմբերջյանը և Սարգիս Պետոյանը, ինչպես նաև Մարսելի համազգային դպրոցի և Փարիզի դպրոցասեր միության վարժարանի աշակերտները:

Արձանագրենք այն, որ աշխարհի մոտ երեք տասնյակ երկրներ՝ այդ թվում Ուրուգվայը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Շվեյցարիան, Կանադան, Արգենտինան, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանը, ամերիկյան 50 նահանգներից 45-ը, տարբեր երկրների տարածաշրջանային, քաղաքային իշխանություններ, միջազգային հեղինակավոր կազմակերպություններ ու կառույցներ պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.