ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն արգելել է ֆինանսական օգնություն տրամադրել Սիրիային

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է մի օրինագիծ, որով արգելվում է ֆինանսական որևէ օգնություն տրամադրել Բաշար Ասադի իշխանության տակ գտնվող Սիրիայի վերակառուցմանը։ Այս մասին ասվում է Կոնգրեսի ստորին պալատի միջազգային հարցերի հանձնաժողովի մամուլի հաղորդագության մեջ։

Երկու կուսակցությունների հավանությանն արժանացած փաստաթղթում նշվում է, որ ԱՄՆ-ը թույլ չի տա, որ ամերիկացի հարկատուների վճարած գումարները հայտնվեն Ասադի և նրա դաշնակիցների ձեռքում։

Փաստաթղթի շուրջ լսումներից առաջ հանրապետական կոնգրեսական Էդվարդ Ռոյսը ելույթ էր ունեցել և հերթական անգամ մեղադրել Իրանին և Ռուսաստանին Ասադին աջակցելու համար՝ նշելով, որ յոթ տարվա պատերազմի ընթացքում այս պետությունները Սիրիայի ժողովրդին հասցրել են աղետալի վիճակի։

«Այս իրավիճակում Ասադի վերահսկողության տակ գտնվող շրջանների վերակառուցման համար ԱՄՆ-ի պետական միջոցներից գումար տրամադրելը կլինի անմտություն», - ասել է կոնգրեսականը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ Ասադը ոչ մի ֆինանսական աջակցություն չի ստանա ԱՄՆ-ից։

Այժմ Սիրիայի ֆինանսական օգնություն չտրամադրելու մասին օրինագիծը պետք է հավանության արժանանա նաև Սենատում։

Աղբյուր՝ http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5156543

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.