Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ նախագահ Սարգսյանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին տեղեկացրել է Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների մասին և շնորհակալություն հայտնել Գլխավոր քարտուղարի հայտարարության կապակցությամբ, որտեղ նա մասնավորապես շեշտադրել է քաղաքական գործընթացների բացառապես խաղաղ ճանապարհով ընթանալու, զսպվածության դրսևորման և առկա խնդիրները երկխոսության միջոցով, Սահմանադրության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության շրջանակներում լուծելու անհրաժեշտությունը: Նախագահ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի իշխանությունների ու բոլոր քաղաքական ուժերի հավատարմությունն այս սկզբունքներին:

Զրուցակիցները նաև առանձնահատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման խնդիրներին: Հանրապետության նախագահը վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային խաղաղ գործընթացին և շնորհակալություն հայտնել Գլխավոր քարտուղարին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ձևաչափում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին անվերապահ աջակցության համար: Կողմերը ևս մեկ անգամ ընդգծել են Լեռնային ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության հնարավոր աճի բացառման անհրաժեշտությունը:

Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է ընդգծել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ արդյունավետ համագործակցությունը և նշել վերջինիս կարևոր դերակատարությունը Հայաստանի զարգացմանն ու բարեփոխումներին աջակցելու գործում: 

Հանրապետության նախագահը վերահաստատել է 2018թ. հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու` ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ուղղված հրավերը:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.