Հայտնի է վարչապետի հաջորդ ընտրության համար հրավիրվելիք ԱԺ նիստի օրը

Հայաստանի վարչապետի ընտրության երկրորդ փուլը կկայանա մայիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»,- ասված է հայտարարության մեջ:

Վարչապետի ընտրության առաջին փուլը տեղի ունեցավ մայիսի 1-ին: Առաջադրված միակ թեկնածուն Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էր: Վարչապետի պաշտոնում նրա թեկնածության օգտին կողմ քվեարկեց 45, դեմ` 56 պատգամավոր: Առաջին փուլում վարչապետի ընտրությունը չկայացավ:

ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ առաջին փուլում վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները (35 պատգամավոր): Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ (53 ձայն) վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Ստացվում է, որ երկրորդ փուլում կրկին Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու համար «Ելք» խմբակցությունը կունենա «Ծառուկյան» խմբակցության աջակցության կարիքը, քանի որ «Ելք»-ի 9 մանդատները բավարար չեն երկրորդ փուլում վարչապետի թեկնածու առաջադրելու համար: «Ծառուկյան» խմբակցությունը խորհրդարանում ունի 31 մանդատ: «Ելք» և «Ծառուկյան» խմբակցություններին կարող է միանալ նաև ՀՅԴ-ն, որն առաջին փուլում կողմ քվեարկեց վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.