Նիկոլ Փաշինյանի առաջադրման համար անհրաժեշտ թվով ստորագրություններն արդեն կան

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի առաջադրման համար անհրաժեշտ թվով ստորագրություններն արդեն կան: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Արարատ Միրզոյանի հայտարարությանը։ Նշվում է, որ առաջադրման համար անհրաժեշտ էր 35 ստորագրություն ։

«Արմենպրես»-ը հայտնում է, որ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության 31 պատգամավորներից 27-ը ստորագրել են Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու ձևաթղթի տակ: Լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Հաշվի առնելով ՀՅԴ-ի և «Ելք»-ի ձայները, կարծում եմ, որ մեր 27 պատգամավորի ստորագրությունը բավարար է, որպեսզի կարողանանք առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Մենք ունենք բացականեր, ովքեր արտերկրում են»,- նշեց Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանը դժվարացավ պատասխանել հարցին, թե ինչո՞ւ ՀՀԿ-ն մայիսի 1-ին դեմ քվեարկեց վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, իսկ մեկ օր հետո հայտարարեց, որ սատարելու է պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին, սակայն նշեց, որ այս դեպքում հաղթել է խոհեմությունը: «Ես հույս ունեմ, որ ի վերջո հաղթեց  ժողովրդի դեմ չգնալու սթափ մոտեցումը: Հանրապետական խմբակցության ղեկավարի հայտարարությունը ենթադրում է, որ իրենք սատարելու են Ազգային ժողովի պատգամավորների1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին»,- ասաց Զոհրաբյանը:

Նա հավելեց, որ ցանկացած քաղաքական ուժ պետք է հարգի իր խոսքն ու տեսակետը:

Հայաստանի Ազգային ժողովը մայիսի 1-ին 56 դեմ և 45 կողմ ձայներով ՀՀ վարչապետի պաշտոնում չընտրեց «Ելք» խմբակցության առաջադրած թեկնածուին՝  Նիկոլ Փաշինյանին: Այլ թեկնածություններ չէին առաջադրվել: Համաձայն ՀՀ Մայր օրենքի՝ «վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»: Ընտրության հաջորդ փուլը նախատեսված է մայիսի 8-ին: «Ծառուկյան», ՀՅԴ, «Ելք» խմբակցությունները հայտարարել են ձայները Փաշինյանին տալու մասին: Իսկ ՀՀԿ-ն հայտարարել է թեկնածու չառաջադրելու և պատգամավորների 1/3-ի ձայներով առաջադրված թեկնածուին սատարելու մասին: 

լրացում- «Ելք» խմբակցության փորձագետ Վահագն Հովակիմյանը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Նիկոլ Վովայի Փաշինյանի առաջադրման փաստաթղթերն արդեն ներկայացվել են ՀՀ ԱԺ ընդհանուր բաժին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.