Արմեն Սարգսյանն արաբական երկրների դեսպանների հետ քննարկել է իրադրությունը Հայաստանում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 4-ին ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի, Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպաններին և Քուվեյթի ու Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարներին: 

Այս մասին գրում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով ՀՀ նախագահի աշխատակազմին։

Նշվում է, որ քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգին՝ հատկապես տնտեսական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: 

Նախագահ Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել դիվանագետներին՝ իրենց երկրներում հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի համար, որը նրանց հնարավորություն է տվել ոչ միայն պահպանել ազգային ինքնությունը, այլ նաև զարգանալ և ակտիվորեն մասնակցել այդ երկրների քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքին:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում ստեղծված իրավիճակի շուրջ: Դիվանագետները հույս են հայտնել, որ ամեն ինչ կկարգավորվի Սահմանադրության և օրինականության շրջանակներում՝ կարևորելով Հանրապետության նախագահի ջանքերն այդ գործում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.