Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի Հարավային Կորեայի նախագահին
Մայիսի 22-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունելու է Հարավայն Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս հանդիպումը կոչված է «ընդգծելու ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի բարեկամության և դաշնակցային հարաբերությունների երկարատևությունը»։
«Երկու երկրների ղեկավարները կքննարկեն նաև նախագահ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջորդ Կիմ Չեն Ընի առաջիկա հանդիպումը», - ասվում է հաղորդագրության մեջ։
ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ տվյալ պահին Վաշինգտոնը և Փհենյանը շարունակում են քննարկել երկու երկրների առանորդների հանդիպման մանրամասները։
Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը հայտնել էր, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ Հյուսիսային և Հարավային Կորեաների սահմանային գոտու Փանմունջոմ կոչվող ապառազմականացված բնակավայրում երեք կամ չորս շաբաթից։
Ապրիլի 27-ին այստեղ տեղի է ունեցել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի և Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հանդիպումը։ Վերջին ավելի քան 10 տարվա ընթացքում սա բարձր մակարդակի առաջին հանդիպումն էր Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև։
Հանդիպման ավարտին երկու երկրների ղեկավարները ստորագրել են «խաղաղության, Կորեական թերակղզու բարգավաճման և վերամիավորման մասին» համատեղ հայտարարության տակ։ Սեուլը և Փհենյանը հաստատել են, որ իրենց ընդհանուր նպատակը Կորեական թերակղզու ապամիջուկայնացումն է։