Հայաստանի վարչապետի ընտրության երկրորդ փուլին ընդառաջ ուղերձով է հանդես եկել նախագահ Սարգսյանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 7-ին ուղերձ է հղել՝ կապված մայիսի 8-ին ՀՀ Ազգային ժողովում կայանալիք վարչապետի ընտրության երկրորդ փուլի հետ:

Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով ՀՀ նախագահի աշխատակազմին։

Ուղերձում ասվում է․

«Սիրելի հայրենակիցներ,

Վաղը Ազգային ժողովում տեղի է ունենալու Հայաստանի վարչապետի ընտրության երկրորդ փուլը: 

Պահը բեկումնային է և պատասխանատու Հայաստանի ապագայի համար: Բոլորս՝ առաջին հերթին քաղաքական պատասխանատուները, ինչպես նաև մեր ողջ ժողովուրդը Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում, պետք է այս գիտակցումով գնահատենք իրավիճակը և կատարենք մեր քայլերը: 

Եթե ուզում ենք այս վիճակից դուրս գալ շահած, իսկ մենք պարտավոր ենք շահած դուրս գալ, խնամքով պետք է հունի մեջ դնենք այն վիթխարի եռանդը, որ մեր հասարակությունը կուտակել է այս օրերին, և պահպանենք այն վարկը, որ Հայաստանը համաժողովրդական շարժման շնորհիվ ձեռք է բերել միջազգային հանրության առջև: 

Ակնկալում ենք, որ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը որոշումներ ընդունելիս կդրսևորեն առավելագույն խոհեմություն և հեռատեսություն և կառաջնորդվեն հասարակության բարօրության ու համազգային շահերով:

Համոզված եմ, որ բոլոր հարցերը հնարավոր է լուծել ազգային համաձայնության ոգով:

Մեր ժողովուրդն այս է սպասում իր քաղաքական պատասխանատուներից:
Վստահ եմ, որ հանրօգուտ լուծման շնորհիվ Հայաստանում կստեղծվի հանրային վստահության մթնոլորտ, և մեր քաղաքացիները, համայն հայության հետ միասին, կլծվեն Մայր Հայրենիքի վերաշինման գործին:

Ուրեմն ի գործ՝ հանուն Նոր Հայաստանի»: 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.