Իմ համակրանքը մշտապես ժողովրդի կողմն է. Արմեն Սարգսյան

Եթե երիտասարդների ու ոստիկանների միջև որևէ բախում գրանցվեր, ապա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կկանգներ նրանց երկուսի արանքում՝ դա թույլ չտալով նման միջադեպեր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Էխո Մոսկվի»-ին տված հարցազրույցում նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Իմ համակրանքը մշտապես ժողովրդի կողմն է: Եթե ժողովուրդը կանգնած է հրապարակում, ապա ես պետք է այնտեղ լինեմ: Եթե ժողովուրդն առաջնագծում է՝ ես պետք է այնտեղ լինեմ: Ես այլ լծակ չունեմ, և ամենայն հավանականությամբ չեմ էլ ունենա: Այդպիսին է մեր Սահմանադրությունը, ես չեմ այն գրել: Սակայն երբ ես համաձայնվում էի, գիտեի, թե ուր եմ գալիս»,- ընդգծել է Արմեն Սարգսյանը:

Նա շեշտել է, որ տարիների ընթացքում որոշակի լարվածություն է կուտակվել, որը տարբեր դրսևորումներ է ստացել: «Կարելի էր երկիրը փոխել էվոլյուցիոն ճանապարհով, կամ կարելի էր դա անել այնպես, ինչպես եղավ: Հենց այդ պատճառով էլ սա ինձ ինչ-որ իմաստով չզարմացրեց: Զարմացրեց գործընթացի արագացվածությունը»,- ասել է ՀՀ նախագահը:

Արմեն Սարգսյանն ընդգծել է նաև, որ Հայաստանը փոքր պետություն է, սակայն հայ ազգը համաշխարհային ազգ է, ինչն էլ մեր երկրի առավելությունն է: «Ուստի Հայաստանն իրականում կարող է դառնալ շատ հաջողակ պետություն: Դինամիկ երկիր, որը նայում է ապագային՝ 21-րդ դարի երկիր՝ օգտագործելով այն հսկայական ներուժը, որ մենք ունենք»,- նշել է Արմեն Սարգսյանը:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.