Դավիթ Տոնոյանը կնշանակվի պաշտպանության նախարարի պաշտոնում. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը մայիսի 11-ին կնշանակվի ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր Դավիթ Տոնոյանը կնշանակվի պաշտպանության նախարար: Մյուս նշանակումները նույնպես առաջիկայում կլինեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա տեղեկացրել է, որ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը չի շարունակի պաշտոնավարել: «Այս պահին մենք կառավարության կառուցվածքում փոփոխություններ անելու ծրագիր չունենք և չենք էլ հասցնի ֆիզիկապես, սակայն Սփյուռքի հետ հարաբերությունները շատ կարևոր են: Ամեն ինչ անելու ենք, որ այդ նախարարությունը գործի ոչ միայն սփյուռքի ու հայապահպանության շրջանակում, այլև դա պետք է հայրենադարձությունը կազմակերպող և հայրենադարձությանն աջակցող հիմնական օղակը լինի»,- նշել է նա:

Դավիթ Տոնոյանը 2010-2017 թվականներին զբաղեցրել է Պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 2017-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար։

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը 2016 թվականից զբաղեցնում էր Վիգեն Սարգսյանը, ով, սակայն, մայիսի 8-ին հրապարակած տեսաուղերձում, ապա նաև մայիսի 9-ին ՊՆ-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ չի լինելու նոր կառավարության կազմում: 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.