Պաշտոնական Անկարան նախապայմաններով է արձագանքել Փաշինյանի հայտարարությանը

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըդլըրըմն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պաշտոնական Անկարայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին հայտարարությանը, սակայն, կրկնելով Անկարայի նախապայմանները:

Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով թուրքական «Հյուրիյեթ» թերթին։

«Իհարկե եթե Հայաստանը փոխի տարիներ ի վեր Թուրքիայի հանդեպ ունեցած թշնամական դիրքորոշումը, հրաժարվի Թուրքիայի տարածքային ամբողջականության ու սահմանների նկատմամբ ունեցած նկրտումներից, ամեն ինչից հրաժարվի, ցանկանա նոր էջ բացել, ապա մենք կուսումնասիրենք մանրամասներն ու դրան անհրաժեշտ պատասխան կտանք: Մենք ոչ ոքի, մասնավորապես մեր հարևանների հետ չենք ցանկանում թշնամության մեջ լինել: Եթե այսպիսի մոտեցում լինի, կքննարկենք այն մեր պետության շահերի շրջանակում», - ասել է Յըլդըրըմը։

Նա, ըստ էության, չի շեղվել Հայաստանի Հանրապետության նկատմամբ թուրքական պաշտոնական քաղաքական գծից՝ նշելով, որ Հայաստանը տարածքային նկարտումներ, թշնամական դիրքորոշում ունի Թուրքիայի նկատմամբ, ինչը իրականությանը չի համապատասխանում։

«Արմենպրես»-ը հիշեցնում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախում լրագրողների հարցին ի պատասխան հայտարարել էր, որ Հայաստանն այսօր էլ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանն` առանց նախապայմանների։ «Դուք գիտեք, որ այդ հարցում նախապայմաններ ունի Թուրքիան, և այդ նախապայմաններն անտրամաբանական են, որովհետև երկու երկրների հարաբերությունների հաստատման համար չի կարող նախապայման լինել երրորդ երկրի հետ հարաբերությունը»,- ասել էր նա։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.