Ռուս փրանկերները Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնին

Ռուս պրանկերներ Վովան (Վլադիմիր Կուզնեցով) և   Լեքսուսը (Ալեքսեյ Ստոլյարով) Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնին և զրուցել շուրջ 30 րոպե: Այս մասին գրում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով The Guardian գործակալությանը։ Նշվում է, որ Ջոնսոնն սկզբում հավատացել է, որ զրուցում է Փաշինյանի հետ։

Նրանք քննարկել են ռուս նախկին հետախույզ Սկիրպալի ու նրա դստեր թունավորման գործում Ռուսաստանի միջամտությունը, Քսենիա Սոբչակի՝ Լոնդոն այցը և այլն: Լեքսուսը պատմել է, որ Ջոնսոնն ամենաանհետաքրքիրն էր բոլոր այն գործիչներից, որոնց հետ կարողացել են կապ հաստատել ու խոսել:

Փաշինյանի անունից հանդես եկող պրանկերը Ջոնսոնին տեղեկացրել է, որ Սոչիում հանդիպելու է Վլադիմիր Պուտինի հետ, հույս է հայտնել, որ իրեն էլ չեն թունավորի:

«Շատ կարևոր է նոր սառը պատերազմ չսկսել:  Ես դա չեմ ուզում: Մեծ Բրիտանիայում ոչ մեկ նման բան չի ուզում: Ես կարծում եմ, որ Ռուսաստանը կատարել է սարսափելի սխալ՝ փորձելով «Նովիչոկով» սպանել Սերգեյ և Յուլյա Սկրիպալներին: Նրանց գործողությունները, որպես կանոն, ավերիչ բնույթ ունեն: Դա վնասում է Ռուսաստանին:  Եվ այն, ինչ ես ուզում եմ հասցնել Պուտինին այն է, որ մենք սառը պատերազմ չենք ուզում, մենք ցանկանում ենք տեսնել դրական տեղաշարժ Ռուսաստանի գործողություններում»,-ասել է Ջոնսոնը:

Լեքսուսը նշել է, որ այս գործում ամենադժվարը ոչ թե պաշտոնյաների հեռախոսահամարները գտնելն է, այլ այնպիսի զրուցակիցների, որոնք կհետաքրքրեն թիրախ դարձած պաշտոնյային: Օրինակ, Ջոնսոնի հետ խոսակցությունը մի քանի անգամ ձախողել է: Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը երբեք չի զրուցել Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի անունից հանդես եկող պրանկերների հետ:

«Փոխարենը Ջոնսոնին հետաքրքրեց Փաշինյանի հետ զրույցը: Հայաստանի վարչապետն այժմ թրենդի մեջ է, նրան հատուկ են սիրում եվրոպական երկրներում»,-ասել է պրանկերը:

Ինչևէ: Փաշինյանի անունից խոսող պրանկերը Ջոնսոնից հետաքրքրվել է, թե ինչպես իրեն պահի Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
«Ենթադրում եմ՝  միակ բանը, որ ռուսներն ընկալում են վճռականությունն ու կոշտությունն են: Այդ պատճառով Դուք պետք է Պուտինին հստակ ներկայացնեք ձեր մտադրությունները, նաև այն, թե ինչպես եք տեսնում Հայաստանի ապագան: Բայց, Դուք պետք է նշեք, որ դա նրա շահերի համար վտանգ չի ներկայացնում և նյարդայնանալու կարիք չկա», - խորհուրդ է տվել Ջոնսոնը:

Պրանկերն ասել է, որ Ջոնսոնի հետ զրույցին ինքն  ու Վովան հատուկ չեն նախապատրաստվել: Օրինակ, Ջոնսոնի հետ զրույցի ընթացքում Փաշինյանի իմիտացիա չեն արել, խոսել են շատ սովորական: Զրույցի վերջում նախարարը գլխի է ընկել, որ շփվում է ոչ Փաշինյանի հետ, մի կողմ է  նետել խոսափողը: Լեքսուսը ենթադրում է, որ տեղի են տվել Ջոնսոնի նյարդերը:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.