ՀՀ արտգործնախարարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին

Մայիսի 28-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտգորնախարարության մամուլի ծառայությունը։

Ողջունելով հյուրին` արտգործնախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ հետ ունեցած համակողմանի համագործակցությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը նպատակադրված է առավել զարգացնել հայ-ամերիկյան բարեկամ գործընկերությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բրիջիթ Բրինքը նախ շնորհավորեց Զոհրաբ Մնացականյանին արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ապա բարեմաղթանքներ հղեց Հայաստանի համար պատմական օրվա՝ առաջին Հանրապետության 100-ամյակի առթիվ: ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը պատրաստակամություն հայտնեց Հայաստանի նոր վարչակազմի հետ համատեղ գործնական քայլեր ձեռնարկելու՝ միտված հայ-ամերիկյան հարաբերությունների խորացմանը:

Զրուցակիցները համակարծիք էին, որ բարձրաստիճան հանդիպումները լավ առիթ են ընձեռում երկու բարեկամ երկրների հարաբերությունների օրակարգային հարցերին անդրադառնալու, փոխգործակցության առավել սերտացմանն ու խորացմանն ուղղված համատեղ քայլերը քննարկելու համար:

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին երկկողմ քաղաքական երկխոսության ընդլայնման, առևտրատնտեսական կապերի առավել ակտիվացման վերաբերյալ: Այդ համատեքստում առանձնահատուկ կարևորվեց Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի և հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը:

Հատուկ անդրադարձ կատարվեց մշակութային ոլորտում իրականացվող նախաձեռնություններին` որպես հաջողված օրինակ բերելով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Սմիթսոնյան ինստիտուտի հետ համատեղ իրականացվող ծրագիրը` ուղղված Սմիթսոնյան ինստիտուտի Մշակութային փառատոնին Հայաստանի պատմամշակութային ժառանգության ներկայացմանը:

Հանդիպման օրակարգում էին նաև միջազզային և տարածաշրջանային մի շարք հարցեր:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց ԱՄՆ-ի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ միասին գործադրվող ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։ Այս համատեքստում երկուստեք ընդգծվեց խաղաղությանը միտված մթնոլորտի ձևավորման և ամրապնդման անհրաժեշտությունը։  

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.