Արա Բաբլոյանը հանդիպում է ունեցել ՌԴ Պետդումայի նախագահի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Այս մասին գրում է «Արմենպրես»-ը։

Նշվում է, որ ՀՀ ԱԺ նախագահը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, համոզմունք է հայտնել, որ հանդիպումը կնպաստի հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացմանը` ի շահ մեր երկրների եւ ժողովուրդների: Այս համատեքստում անդրադառնալով ՀՀ ներքաղաքական իրավիճակին՝ Արա Բաբլոյանն ընդգծել է, որ Ռուսաստանի արձագանքը Հայաստանի ներքաղաքական գործընթացներին լիովին համապատասխանում էր հայ-ռուսական հարաբերությունների ոգուն: Նրա համոզմամբ՝ երկկողմ համագործակցությունը կշարունակի զարգանալ գործընկերության եւ վստահության մթնոլորտում, խորհրդարանները կշարունակեն կառուցողական աշխատանքը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ Ազգային ժողովն աջակցում է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դերի ամրապնդմանն ուղղված քայլերին: Այս համատեքստում Արա Բաբլոյանը կարեւորել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ լիագումար նիստի անցկացումը Երեւանում՝ 2018 թվականի հոկտեմբերի 29-30-ը:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել համագործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ տեսանելի առաջընթաց կա:

Կողմերն անդրադարձել են նաեւ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստի անցկացմանն առնչվող հարցերի:

Վյաչեսլավ Վոլոդինը գոհունակությամբ ընդգծել է, որ երկու երկրների խորհրդարանները շահավետ համագործակցում են փոխվստահության մթնոլորտում: Նա կարեւորել է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ համագործակցության սերտացումը տարբեր ոլորտներում՝ այս հարցում ընդգծելով կոնկրետ գործնական քայլերի հետագա աշխուժացումը: 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.