Մեծ յոթնյակի գագաթնաժողովի առաջին օրը․ TACC

Մեծ յոթնյակի երկրների գագաթնաժողովը մեկնարկել է հունիսի 8-ին Կանադայի Քվեբեկ նահանգի Լա Մալբե քաղաքում։ Գագաթնաժողովի առաջին օրվա գլխավոր թեմաներն էին Ռուսաստանի վերադարձը G8-ի կազմ և Միացյալ Նահանգների կողմից պողպատի և ալյումինի ներկրման մաքսատուրքերի սահմանումը, ինչը կարևոր քննություն էր Մեծ յոթնյակի միասնականության հարցում։

Գագաթնաժողովի առաջին օրվա օրակարգի կարևորագույն հարցը ձևավորվել էր այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կանադա մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել էր Ռուսաստանին Մեծ ութնյակ վերադարձնելու անհրաժեշտության մասին։

«Ռուսաստանը պետք է ներկա լինի այդ հանդիպմանը։ Ինչու՞ ենք մենք հանդիպումն անցկացնում առանց Մոսկվայի։ Որոշողն իրենք են, բայց ճիշտ կլիներ, եթե Ռուսաստանը նույնպես մասնակցեր», - հայտարարել էր Թրամփը։

ԱՄՆ նախագահի այս հայտարարությանն արձագանքել էր Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն։ Նա իր թվիթերյան էջում գրել էր, որ Ռուսասանի վերադարձը Մեծ ութնյակ բխում է բոլորի շահերից։

Ռուսաստանին Մեծ ութնյակում տեսնել ցանկացողների ցուցակն այսքանով ավարտվեց։

Գագաթնաժողովի մեկարկից առաջ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել էր․ «Բազմաթիվ շահարկումներ կան G7-ի ձևաչափի փոփոխության վերաբերյալ։ Խոսվում է G6 գումարած մեկ, կամ հանած մեկի մասին։ Եկեք G7-ը թողնենք այնպես, ինչպես կա։ Այս թիվը մեր մշակույթում համարվում է հաջողակ թիվ»։

Գրեթե նույն կարծիքն են արտահայտել նաև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Կանադայի ներկայացուցիչները։

Գագաթնաժողովի առաջին օրվա օրակարգում տեղ գտած երկրորդ ամենակարևոր հարցը Մեծ յոթնյակի անդամների միջև սկսված առևտրային պատերազմն է։ Այն ծագել է այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները բարձր մաքսատուրքեր է սահմանել Կանադայի և Եվրոպական Միության նկատմամբ ալյումինի և պողպատի ներկրման համար։

Օրվա սկզբում Դոնալդ Թրամփը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին հիշեցրել է ամերիկյան կաթնամթերքի նկատմամբ կանադական բարձր մաքսատուրքերի մասին։ Կանադայի արտաքին գործերի նախարարը պատասխանել է՝ ասելով, որ այս հարցում իրենց դիրքորոշումը շատ կտրուկ է, և Օտտավան չի պատրաստվում փոխել այն։ Ավելի ուշ Կանադայի ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել առևտրի հարցերով ԱՄՆ-ի ներկայացուցչի հետ, որի ընթացքում քննարկվել է սակագների հարցը։ Բանակցությունների արդյունքների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը փորձել է հարթել Վաշինտոնի և Օտտավայի միջև ծագող վեճը՝ կոչ անելով ԱՄՆ նախագահին, ԵՄ-ի ղեկավարությանը և Կանադայի ներկայացուցիչներին ձեռնպահ մնալ սպասվող առևտրային խոշոր պատերազմից։

Բանացկություններից հետո Դոնալդ Թրամփը կատակել է՝ ասելով, թե Կանադայի վարչապետ Թրյուդոն իբր խոստացել է վերացնել բոլոր մաքսատուրքերը։

Reuters գործակալության փոխանցմամբ՝ դաշնակիցներն ԱՄՆ նախագահին թվեով ներկայացրել են բոլոր այն կորուստների չափը, որն իրենք կրում են ամերիկյան մաքսատուրքերի պատճառով։ Աղբյուրի համաձայն՝ Թրամփը ներկայացրել է իր թվերը։

Ակնկալվում է, որ գագաթնաժողովի այսօրվա՝ հունիսի 9-ի օրակարգում են լինելու համաշխարհային անվտանգությանը վերաբերող հարցեր։ Քննարկվելու են նաև Ռուսաստանի հետ համործակցությանն առնչվող հարցեր։ Նշվում է, որ ԿԺԴՀ առաջնորդի հետ առաջիկա երեքշաբթի Սինգապուրում կայանալիք հանդիպման պատճառով Թրամփը չի մասնակցելու այսօրվա քննարկմանը։ Քննարվելիք հարցերի վերաբերյալ իր կարծիքն ԱՄՆ նախագահը հայտնել է գագաթնաժողովի առաջին օրը։

Աղբյուր՝  http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5278081

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.