ԱՄՆ-ը փորձելու է Հնդկաստանին համոզել չգնել ռուսական Ս-400 համակարգը

Միացյալ Նահանգները փորձելու է Հնդաստանին համոզել գնել ամերիկյան հակադօային պաշտպանության համակարգեր՝ այդպիսով փորձելով կանխել Դելիի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը։ Այս մասին գրում է Lenta-ն՝ հղում կատարելով The Economic Times-ին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նման առաջարկ կարող է հնչել Հնդկաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսի հետ հուլիսի 6-ին Վաշինգտոնում կայանալիք հանդիպան ժամանակ։ Ամերիկացի պաշտոնյաներն, ամենայն հավանականությամբ, հնդիկ գործընկերներին կառաջարկեն Ս-400-ի փոխարեն ձեռք բերել ամերիկյան THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգը։

«Արդյունավետության տեսանկյունից ռուսական զենիթահրթիռային համակարգերն ավելի լավն են և ընդգրկում են ավելի շատ օդային տարածք, քան ամերիկյան համակարգերը։ THAAD համակարգը լավ է գործում բարձր հեռահարության հրթիռների դեմ, սակայն պարզ չէ, թե ինչպես այն իրեն կդրսևորի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների կամ միջին հեռահարության հրթիռների դեպքում», - գրում է The Economic Times-ը։

Մայիսի վերջին հաղորդվում էր, որ Մոսկվան պատրաստվում է Հնդկաստանին տրամադրել մի քանի Ս-400 համակարգեր՝ ընդհանուր շուրջ 6 միլիարդ դոլարի չափով։ Նշվում էր, որ գործարքն արդեն եզրափակիչ փուլում է։

Բացի Հնդկաստանից, այս համակարգով հետաքրքրված է նաև Թուրքիան և Կատարը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.