ԱՄՆ-ը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի երկրներին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալ Ջոնաթան Քոենը Անվտանգության Խորհրդի երկրներին կոչ է արել միանալ Վաշինգտոնին և պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ՝ վերջինիս «թշմանական վարքագծի» համար։

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի՝ Թեհրանի կողմից միջուկային համաձայնագրի դրույթների կատարման մասին նիստին նա հայտարարել է, որ չափազանց կարևոր է նշանակալի արդյունքների հասնել մի երկրի նկատմամբ, որը «մշտապես խախտում է Խորհրդի բանաձևերը»։

Քոենը հավելել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է աշխատել ԱԽ անդամ երկրների հետ, որպեսզի քայլեր ձեռնարկեն «կանխելու իրանական սպառնալիքը»։

Հիշեցնենք, որ 2015 թ. հուլիսին Իրանը և միջազգային միջնորդերի վեցնյակը (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) համաձայնության են եկել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ և ստեղծել են Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր: Իրանը պարտավորվել է սահմանափակել ուրանի հարստացման ոլորտում տարվող աշխատանքները՝ մի շարք պատժամիջոցների չեղարկման փոխարեն: 2016 թ․ հունվարին համաձայնագիրը թևակոխել է կենսագործման փուլ։

Այս տարվա հունվարի 12-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել էր պաշտոնապես հաստատել Կոնգրեսին, որ Իրանը կատարում է միջուկային համաձայնագրի շրջանակում հանձնառած պարտավորությունները։ Նա նաև նշել էր, որ Սպիտակ տունը Կոնգրեսի հետ կաշխատի լրացնել «համաձայնագրում առկա լուրջ թերությունները», այնուհետև հավելել էր, որ Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ, քանի որ «վերջինս աջակցում է ահաբեկչությանը»։

Մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս Իրանի միջուկային համաձայնագրի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից, ըստ որի Իրանը պետք է սահմանափակեր ուրանի հարստացման իր ծրագիրը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից սահմանված մի շարք պատժամիջոցների չեղարկման փոխարեն։ Ամերիկյան վարչակազմի ղեկավարի խոսքով՝ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրն Իրանին հնարավորություն էր տալիս միջուկային ռումբեր ստեղծել։

Հատկանշական է, որ միջնորդ երկրները բազմիցս զգուշացրել են Միացյալ Նահանգներին զերծ մնալ նման որոշում կայացնելուց։

Աղբյուր՝ https://ria.ru/world/20180628/1523539413.html

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.