Մենք ԱՄՆ-ին ծնկի կբերենք․ Իրանի նախագահ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ իր երկիրը չի պատրաստվում հանձնվել Վաշինգտոնի առջև։ Այս մասին գրում Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով Իրանի կենտրոնական հեռուստաընկերությանը։

«Մենք պահպանում ենք մեր պատմական ազգային հզորությունը և կամային այս պայքարում ծնկի կբերենք Միացյալ Նահանգներին», - ասել է Ռոհանին։

Իրանի նախագահն անդրադարձել է նաև երկրում տիրող տնտեսական իրավիճակին։ Խոսելով գործազրկության մասին՝ Ռոհանին նշել է, որ իրենք մեծ ջանքեր կգործադրեն իրավիճակը շտկելու ուղղությամբ։

«Մենք պետք է աշխարհին ցույց տանք, որ ունենք խնդիրներ և դժվարություններ, սակայն դրանք հաղթահարելու ենք մեր հզորության, անկախության, ժողովրդավարության, մշակույթի և կրոնի շնորհիվ», - շարունակել է Հասան Ռոհանին։

Հիշեցնենք, որ 2015 թ. հուլիսին Իրանը և միջազգային միջնորդերի վեցնյակը (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) համաձայնության են եկել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ և ստեղծել են Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր: Իրանը պարտավորվել է սահմանափակել ուրանի հարստացման ոլորտում տարվող աշխատանքները՝ մի շարք պատժամիջոցների չեղարկման փոխարեն: 2016 թ․ հունվարին համաձայնագիրը թևակոխել է կենսագործման փուլ։

Այս տարվա հունվարի 12-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել էր պաշտոնապես հաստատել Կոնգրեսին, որ Իրանը կատարում է միջուկային համաձայնագրի շրջանակում հանձնառած պարտավորությունները։ Նա նաև նշել էր, որ Սպիտակ տունը Կոնգրեսի հետ կաշխատի լրացնել «համաձայնագրում առկա լուրջ թերությունները», այնուհետև հավելել էր, որ Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ, քանի որ «վերջինս աջակցում է ահաբեկչությանը»։

Մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս Իրանի միջուկային համաձայնագրի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից, ըստ որի Իրանը պետք է սահմանափակեր ուրանի հարստացման իր ծրագիրը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից սահմանված մի շարք պատժամիջոցների չեղարկման փոխարեն։ Ամերիկյան վարչակազմի ղեկավարի խոսքով՝ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրն Իրանին հնարավորություն էր տալիս միջուկային ռումբեր ստեղծել։

Հատկանշական է, որ միջնորդ երկրները բազմիցս զգուշացրել են Միացյալ Նահանգներին զերծ մնալ նման որոշում կայացնելուց։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.