ՆԱՏՕ-ում հույս ունեն, որ Թուրքիան և ԱՄՆ-ը կհարթեն Ս-400-ի շուրջ ծագած տարաձայնությունը

ՆԱՏՕ-ն հույս ունի, որ Թուրքիան և Միացյալ Նահանգները կկարգավորեն իրենց տարաձայնությունը՝ կապված Անկարայի կողմից ռուսական Ս-400 համակարգի ձեռքբերման հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչը։

«Մենք հույս ունենք, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի տարաձայնությունը կհարթվի դաշնակցային համերաշխության մթնոլորտում», - ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ Դաշինքի անդամ յուրաքանչյուր պետություն ինքնուրույն է որոշում, թե ինչ զինտեխնիկա ձեռք բերի։

«Մեզ համար կարևորն այն է, որ այդ զինտեխնիկան համատեղելի լինի ՆԱՏՕ-ում եղածների հետ։ Այլ պետություններից սարքավորումների ձեռքբերումը, ընդհանուր առմամբ, բարձրացնում է օպերատիվ համատեղելիությունը և անվտանգությունը, այդ իսկ պատճառով՝ մենք ողջունում ենք դաշնակիցների միջև յուրաքանչյուր գործարք, որը նպատակ ունի բարձրացնել Դաշինքի պոտենցիալը», - նշում է ներկայացուցիչը։

Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն բազմիցս քննադատել են Թուրքիային այս համաձայնագրի համար։ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ուես Միթչելի խոսքով՝ Ս-400-ի ձեռքբերումը կարող է բացասականորեն ազդել ամերիկյան Ֆ-35 կործանիչների՝ Թուրքիա մատակարարման վրա։

Ի պատասխան՝ Անկարան հայտարարել է, որ միջոցներ կձեռնարկի, եթե Միացյալ Նահանգները փորձի կենսագործել հնչեցրած սպառնալիքները։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի 12-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Մոսկվայի հետ արդեն կնքվել է Ս-400-ի գնման համաձայնագիրը, և նույնիսկ կանխավճար է տրվել։ Սեպտեմբերի վերջին այս լուրը հաստատել էր նաև ՌԴ նախագահի՝ ռազմատեխնիկական համագործակցութան հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը՝ ընդգծելով, որ այդ հարցն արդեն «չի քննարկվում»։

Նշենք, որ առաջին անգամ Թուրքիան Ս-400 համակարգով հետաքրքրվել է դեռ 2009 թվականին: Այն ժամանակ, սակայն, համագործակցությունը դադարեցվել է:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.