Թուրքիայի դատախազությունը հրահանգել է ձերբակալել զինված ուժերի 68 սպայի

Անկարայի դատախազությունը Գյուլենական շարժման դեմ անցկացվող հետաքննության շրջանակներում ձերբակալության հրահանգ է արձակել Թուրքիայի ցամաքային զորքերի 68 անդամների նկատմամբ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով թուրքական NTV-ին։

Նշվում է, որ ձերբակալություններն սկսվել են հուլիսի 2-ի առավոտյան Անկարայում և Թուրքիայի 18 այլ նահանգներում։ Ձերբակալվածներից 19-ը գործող զինվորականներ են, իսկ մնացածը՝ ժամանակավորապես ակտիվ ծառայությունից դուրս են։ Նրանք բոլորը սպայական անձնակազմի անդամներ են։ Հետաքննություն իրականացնող մարմինը վերջիններիս կասկածում է Գյուլենական շարժման անդամ լինելու և զինված ուժերի կազմում գյուլենական ակտիվ գործունեություն ծավալելու մեջ։

Հիշեցնենք, որ 2016 թ․ հուլիսի 15-ին Թուրքիայում զինվորականները հեղաշրջման փորձ են կազմակերպել։ Ոստիկանությանը հաջողվել էր ճնշել ապստամբներին, և հեղաշրջման փորձը ձախողվել էր։ Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրում են Թուրքիայում արդի իսլամական գաղափարախոսության հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենին, որը 1998 թվականից բնակվում է ԱՄՆ-ում։ Թուրքիայի նախագահ Էրդողանն ԱՄՆ-ի իշխանություններից մի քանի անգամ պահանջել է Գյուլենին ձերբակալել և արտահանձնել Թուրքիային, սակայն մերժում է ստացել։ Ըստ ամերկյան կողմի՝ Թուրքիայի իշխանությունները չեն տրամադրել հեղաշրջման փորձին Գյուլենի մասնակցության վերաբերյալ բավարար ապացույցներ։  

Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում ձերբակալվել է ավելի քան 50 հազար մարդ, աշխատանքից հեռացվել՝ շուրջ 140 հազար պետաշխատող։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.