ԱՄՆ պետքարտուղարը հանդիպում կունենա Կիմ Չեն Ընի հետ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հուլիսի 5-ին կուղևորվի Փհենյան, որտեղ հանդիպում կունենա Կիմ Չեն Ընի և այլ պաշտոնատար անձանց հետ։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայության ղեկավար Սառա Սանդերսը։

«Հուլիսի 5-ին պետքարտուղար Մայք Պոմպեոն կմեկնի Հյուսիսային Կորեա, որտեղ կհանդիպի ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի և նրա թիմի հետ», - ասել է Սանդերսը։

Նա խոսել է նաև Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանն ուղղված աշխատանքների մասին։ Սանդերսի խոսքով՝ ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի միջև կապը շարունակվում է տարբեր մակարդակներում։

«Այս բանակցությունները շարունակում են զարգանալ։ Չեմ ցանկանում խորանալ մանրամասների մեջ, սակայն կարող եմ ասել, որ առաջընթացն ակնհայտ է», - ասել է մամուլի քարտուղարը։

Պոմպեոյի՝ Փհենյան մեկնելու մասին լուրերը հաստատել են նաև պետքարտուղարությունում։ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության ղեկավարն ավելի վաղ գրավոր հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Պոմպեոն Հյուսիսային Կորեայում կլինի հուլիսի 5-ից 7-ը։

ԱՄՆ պետքարտուղարն արդեն երկու անգամ եղել է Հյուսիսային Կորեայում (ապրիլին և մայիսին, - խմբ․)։ Սինգապուրում կայացած գագաթնաժողովից հետո լրագրողների հետ զրույցում Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնն ակնկալում է, որ Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացումը տեղի կունենա երկու կամ երկուսուկես տարվա ընթացքում։

Աղբյուր՝  http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5341855

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.