Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները միջազգային իրավունքի խախտում են․ Ավստրիայի նախագահ

Թեհրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները՝ կապված Իրանի միջուկային ծրագրի Համատեղ համապարփակ գործողությունների պլանի հետ, միջազգային իրավունքի կոպտագույն խախտում են և ազդում են երրորդ երկրների, այդ թվում՝ Ավստրիայի վրա։ Այս մասին հայտարարել է Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դել Բելենը։

«Ավստրիան և Եվրոպական Միությունը միտված են Իրանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման պայմանների լավացմանը։ Դուք հասկանում եք, թե ես ինչ եմ ակնարկում։ Ավստրիան ցավում է, որ ԱՄՆ-ը դուրս եկավ ՀՀԳԾ-ից․ մենք ցավում ենք նաև Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերսկսման մասին որոշման համար», - Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպումն ամփոփող մամուլի ասուլիսի ընթացքում հատարարել է Վան դել Բելենը։

«Խոսքը ոչ միայն Իրանի նկատմամբ ուղիղ պատժամիջոցների մասին է, այլ նաև երկրորդական սահմանափակումների, որոնք ազդում են նաև Ավստրիայի վրա։ Այս պատժամիջոցներն իրենց արտատարածքային կիրառության պատճառով խախտում են միջազգային իրավունքը։ Այս տեսակետն աջակցում է նաև Եվրոպական հանձնաժողովը», - շարունակել է Ավստրիայի նախագահը։

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հուլիսի 4-ին մեկնել է Ավստրիա, որտեղ բանակցություններ է անցկացնում այս երկրի ղեկավարության հետ։ Վիեննան նախագահում է ԵՄ Խորհուրդը մինչև այս տարվա դեկտեմբեր։

Այցի ընթացքում քննարկվել է Իրանի միջուկային ծրագրի Համատեղ համապարփակ գործողությունների պլանը, Թեհրանի և Վիեննայի երկկողմ հարաբերությունները և առևտրային կապերը։

Մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս Իրանի միջուկային համաձայնագրի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից, ըստ որի Իրանը պետք է սահմանափակեր ուրանի հարստացման իր ծրագիրը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից սահմանված մի շարք պատժամիջոցների չեղարկման փոխարեն։ Ամերիկյան վարչակազմի ղեկավարի խոսքով՝ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրն Իրանին հնարավորություն էր տալիս միջուկային ռումբեր ստեղծել։

Հատկանշական է, որ միջնորդ երկրները բազմիցս զգուշացրել են Միացյալ Նահանգներին զերծ մնալ նման որոշում կայացնելուց։

Աղբյուր՝  http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5346650

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.