Հրաժարական է տվել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը հրաժարական է տվել։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով Մեծ Բրիտանիայի կառավարությանը։

«Օրվա երկրորդ կեսին վարչապետ Թերեզա Մեյն ընդունել է արտաքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարական տալու մասին Բորիս Ջոնսոնի դիմումը։ Վարչապետը Ջոնսոնին շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար։ Մոտ ժամանակներս հայտնի կդառնա, թե ով է լինելու Մեծ Բրիտանիայի նոր արտգործնախարարը», - գրում է Ռիա Նովոստի-ն։

Աղբյուրը նշում է, որ սա այսօրվա ընթացքում երկրորդ հրաժարականն է։ Ավելի վաղ հրաժարական էր տվել նաև Brexit-ի հարցերով նախարար Դևիդ Դևիսը։

Երկու նախարարներն էլ հրաժարական են տվել Brexit-ի շուրջ վերջերս բրիտանական կառավարությունում ստեղծված լարված իրավիճակի ֆոնին։ Բորիս Ջոնսոնը և Դևիդ Դևիսը կողմ էին «կոշտ Brexit-ին»։

Ռիա Նովոստի-ն հիշեցնում է, որ հուլիսի 6-ին Թերեզա Մեյը հայտարարել էր Եվրոպական Միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանները մեղմացելու մասին։ Վարչապետը հայտարարել էր, որ Միացյալ Թագավորությունը Բրյուսելին կառաջարկի ստեղծել ազատ առևտրի գոտի և կազմել արդյունաբերական և գյուղատնտեսական ապրանքների ցուցակ, որոնք չեն ընկնի հետագա սահմանափակումների տակ։

Brexit-ի ավելի կոշտ մոտեցման կողմնակիցներին դուր չէր եկել Մեյի այս ծրագիրը։ Նրանց կարծիքով՝ այս ծրագրի իրագործմամբ կպահպանի Միացյալ Թագավորության կախվածությունը ԵՄ-ից և վնաս կհասցվի տեղի արտադրողներին։

Բրյուսելի հետ Brexit-ի հարցով բանակցություններին Լոնդոնի պաշտոնական դիրքորոշումն արտահայտող փաստաթուղթը (white paper) պետք է հրապարակվի հաջորդ շաբաթ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.