ԱՄՆ-ը ցանկանում է դուրս գալ միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրից․ Շոյգու

ԱՄՆ-ը ցանկանում է դուրս գալ միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրից։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Այժմ ամերիկյան կողմը պատրաստվում է դուրս գալ միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրից։ Այս որոշման պատճառը, իբր, Ռուսաստանի կողմից այս համաձայնագրի խախտումն է», - իտալական Giornale լրատվականին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Շոյգուն։

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի մեղադրանքները մերկապարանոց են և հիմնված չեն փաստերի վրա։ Շոյգուի խոսքով՝ Միացյալ Նահանգներն ուղղակիորեն խախտում է վերոնշյալ համաձայնագրի դրույթները՝ Եվրոպայում տեղակայելով Mk41 համակարգերը, որոնք կարող են արձակել Tomahawk թևավոր հրթիռներ։

«Այս հրթիռի նշանառության շրջանակը ներառում է Ռուսաստանի գրեթե ողջ եվրոպական մասը», - նշել է ՌԴ պաշպանության նախարարը։

Շոյգուն հիշեցրել է, որ 2002 թ․ Իրանի և ԿԺԴՀ-ի կողմից հրթիռային հնարավոր հարվածների պատճառաբանությամբ Վաշինգտոնը դուրս էր եկել նաև հակահրթիռային պաշտպանության մասին համաձայնագրից և սկսել էր իր ռադարներն ու ՀՀՊ համակարգերը տեղակայել Ռուսաստանի սահմանների մոտ։

Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ-ի նախապատրաստության մասին վերջերս հայտարարել էր նաև ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռիբկովը։

Աղբյուր՝  http://tass.ru/armiya-i-opk/5363838

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.