Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել Էմանուել Մակրոնի հետ

Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը (gov.am):

Վարչապետը նախ շնորհավորել է Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ազգային հավաքականի՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ և ֆրանսիական թիմին մաղթել հաջողություններ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես գնահատում է Ֆրանսիայի հետ ձևավորված առանձնաշնորհյալ հարաբերությունները՝ հիմնված երկու ժողովուրդների ավանդական բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա։

«Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը։ Հանձնառու ենք այն ամենաբարձր մակարդակով կազմակերպելուն։ Շնորհակալ ենք Ֆրանսիային նախապատրաստական աշխատանքներում ցուցաբերվող աջակցության համար»,- ասել է ՀՀ վարչապետը՝ ավելացնելով, որ գագաթնաժողովի ընթացքում մեծ ուշադրություն է դարձվելու նաև տնտեսական բաղադրիչին. նախատեսվում է անցկացնել ֆրանկոֆոն երկրների գործարարների և գործատուների բիզնես ֆորում և այդ ֆորումի արդյունքում ստեղծել ֆրանկոֆոն երկրների գործարարների ցանց:

Վարչապետը հավելել է, որ Հայաստանում գործարարության համար ստեղծված են հավասար պայմաններ և համոզմունք հայտնել, որ նոր պայմաններում նոր խթան կստանան նաև հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունները: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան և մասնակցությունը գագաթնաժողովին այդ կարևոր միջոցառումն առավել հնչեղ կդարձնի թե՛ Հայաստանի և թե՛ ողջ ֆրանկոֆոն համայնքի համար:

Էմանուել Մակրոնը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և կարևորել մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունների խաղաղ, ժողովրդավարական ճանապարհով հանգուցալուծումը:

Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է շարունակել բարեկամ Հայաստանի հետ սերտ համագործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերը՝ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առևտրատնտեսական: Էմանուել Մակրոնը վստահություն է հայտնել, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Երևանում կանցկացվի բարձր մակարդակով և հույս է հայտնել, որ Հայաստան կատարելիք այցի ընթացքում հնարավորություն կլինի առավել առարկայական քննարկել հայ-ֆրանսիական կապերի հետագա խորացմանն ու ամրապնդմանն ուղղված հարցերն ու նախագծերը: 

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև ղարաբաղյան հակամարտությանը և կարևորել դրա կարգավորումը խաղաղ բանակցային գործընթացի միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել համանախագահ երկրների, այդ թվում Ֆրանսիայի ջանքերը՝ ուղղված Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը և տարածաշրջանում կայունության ապահովմանը: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին և հավելել, որ հիմնախնդրի կարգավորման ցանկացած ռազմական փորձ պետք է դիտարկել որպես ոտնձգություն ժողովրդավարության և մարդու իրավունքների դեմ:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.