Ծայրահեղականները Գազայի հատվածից ռմբակոծել են Իսրայելի տարածքը

Այսօր՝ հուլիսի լույս 14-ի գիշերը, պաղեստինցի ծայրահեղականները Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակել են ավելի քան 30 հրթիռ և ռումբ։ Այս մասին թվիթերյան գրառման միջոցով հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը։

«Ողջ գիշերվա ընթացքում ՀԱՄԱՍ խմբավորման ահաբեկիչները Իսրայելի քաղաքացիական թիրախների ուղղությամբ արձակել են ավելի քան 30 ռումբ։ Իսրայելի բանակը պատասխանել է՝ հարվածներ հասցնելով Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դիրքերին, ներառյալ ահաբեկչական թունելներին», - գրել է ներկայացուցիչը՝ ընդգծելով, որ տեղի ունեցածի պատասխանատվությունը կրում է ՀԱՄԱՍ խմբավորումը, որը Գազայի հատվածում իշխանությունն իր ձեռքում է պահում 2007 թվականից։

Հուլիսի լույս 14-ի գիշերը իսրայելական ռազմաօդային ուժերն, ի պատասխան Գազայի հատվածից կատարվող ռմբակոծություններին, հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ խմբավորման ստորգետնյա թունելներին և ևս մի քանի ռազմական օբյեկտների։ Հատկանշական է, որ Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգերը չեզոքացրել են Գազայի հատվածից ստացված հարվածներից 5-ը։

Պաղեստինի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մարտի 30-ից հետո սահմանային լարվածության և բախումների հետևանքով Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 120 պաղեստինցի, վիրավորվել՝ շուրջ 13 հազարը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.