Ռուս պրանկերները Եվրահանձնաժողովի ղեկավարին Նիկոլ Փաշինյանի անունից հրավիրել են Երևան՝ ճաշակելու հայկական խորոված

Ռուս պրանկերներ Վովանը (Վլադիմիր Կուզնեցով) և   Լեքսուսը (Ալեքսեյ Ստոլյարով), ներկայանալով որպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի հետ քննարկել են միջազգային անցուդարձը, ինչպես նաև վերջինիս հրավիրել Երևան՝ ճաշակելու հայկական խորոված։

Բացի այդ, նրանք խոսել են նաև եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ։ Ռիա Նովոստի-ի հավաստմամբ՝ այս հեռախոսազրույցները տեղի են ունեցել Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց կարճ ժամանակ անց։

Զրույցի ընթացքում պրանկերները դժգոհել են ԱՄՆ-ի ճնշումներից, որին ի պատասխան Յունկերն ասել է, որ իրենք ստիպված են «կրկին ու կրկին Թրամփին բացատրել, թե ինչպիսին է աշխարհի կարգը»։

«Նա չի հասկանում, թե ինչ է կատարվում։ Մենք պետք է համոզվենք, որ նա կսկսի ավելի լավ հասկանալ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները։ Ամեն ինչ լավ է։ Հաջողություն եմ մաղթում», - ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

Պրանկերները Յունկերին հրավիրել են Երևան ճաշակելու հայկական խորովածը։ Վովանը և Լեքսուսը Եվրահանձնաժողովի ղեկավարին առաջարկել են «խորովածը պատրաստել հենց Հանրապետության հրապարակում և անցկացնել հանրահավաք»։

«Դա վատ չի հնչում։ Ես կգամ հաջորդ տարի։ Այս տարի հնարավոր չէ, իսկ արդեն հաջորդ տարի մենք կարող ենք գտնել հարմար ժամանակ և հնարավորություն», - ասել է Յունկերը։

Պրանկերների հետ զրույցում Մոգերինին, իր հերթին, ասել է, որ Հայաստանը պետք է զարգացնի հարաբերությունները բոլոր գործընկերների հետ և ընտրություն չկատարի ինչ-որ պետության օգտին, որպեսզի չկրկնվի ուկրաինական սցենարը։ Նրա խոսքով՝ Բրյուսելը միշտ չէ, որ նման մոտեցում է ունեցել։

«Մենք պետք է գործենք շատ զգույշ և խուսափենք՝ իրադարձությունների այդ ուղղությամբ զարգանալուց։ Ընդ որում, անհրաժեշտ է ընդգծել, որ Հայաստանը երկիր է, որն իրավունք ունի ընտրություն կատարելու», -  հայտարարել է Մոգերինին։

Նա հավելել է, որ Բրյուսելը չի խնդրում «բարեկամություն բացառիկ պայմաններով»։

«Ես գիտեմ, որ նախկինում մենք այլ մոտեցում ունեինք, սակայն մեզ համար կարևոր է, որ դուք զգաք գործողությունների ազատությունը, որպեսզի ստիպված չլինեք ընտրություն կատարել ի օգուտ այս կամ այն գործընկերոջ», - ընդգծել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը՝ նշելով, որ սա անհրաժեշտ պայման է կառուցողական գործընկերության համար, սակայն «միշտ չէ, որ բոլորը հավատարիմ են այս մոտեցմանը»։

Աղբյուր՝  https://ria.ru/world/20180718/1524839163.html?referrer_block=index_main_1

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.