Թրամփը Պուտինին պատասխանատու է համարում 2016 թ․ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների միջամտության համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Վլադիմիր Պուտինը որպես Ռուսաստանի Դաշնության նախագահ պատասխանատվություն է կրում 2016 թ․ ԱՄՆ նախագահական ընտրությունների միջամտության համար։ Այս մասին Թրամփը խոսել է CBS հեռուստաալիքի եթերում։

Թրամփին ուղիղ հարց են տվել, թե արդյոք Պուտինն անձնապես պատասխանատվություն է կրում միջամտության համար, ինչին ի պատասխան Թրամփն ասել է․ «Այո, ես այդպես եմ կարծում, քանի որ նա պատասխանատու է իր երկրի համար այնպես, ինչպես ես եմ պատասխանատու ԱՄՆ-ում կատարվող իրադարձությունների համար։ Այնպես որ, անշուշտ, որպես երկրի ղեկավար նա պատասխանատու է»։

Այնուհետև լրագրողը Թրամփին հարցրել է, թե վերջինս ինչ է այս առիթով ասել Պուտինին Հելսինկիում կայացած դեմ առ դեմ հանդիպման ժամանակ։

«Ես համոզված էի, որ մենք չենք կարող թույլ տալ որևէ միջամտություն։ Ես Պուտինին հասկացրի, որ մենք նման բան այլև չենք կարող թույլ տալ», - ասել է Թրամփը՝ հավելելով, որ ինքը չի ցանկանում խոսել Պուտինի խոսքերի ճշմարտացիության մասին, սակայն հստակ կարող է ասել, որ վստահում է հետախուզության տվյալներին։

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում տեղի է ունեցել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Սա երկու նախագահների լիարժեք ձևաչափով առաջին հանդիպումն էր։ Երկու երկրների առաջնորդներն էլ հայտարարել են, որ չափազանց մեծ քայլ է կատարվել առաջ։

Ավելի վաղ երկու նախագահները հանդիպել էին երկու անգամ՝ 2017 թ․ հուլիսին և նոյեմբերին՝ միջազգային խոշոր միջոցառումների շրջանակներում։

Աղբյուր՝  http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5385968

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.