Թուրքիայում հանվել է մոտ երկու տարի գործող արտակարգ դրության ռեժիմը

Թուրքիայում վերացվել է շուրջ երկու տարի գործող արտակարգ դրության ռեժիմը։ Այս մասին հաղորդել է թուրքական Yeni Safak թերթը։

Արտակարգ դրությունն առաջին անգամ մտցվել է 2016 թ․ հուլիսի 20-ին՝ հեղաշրջման անհաջող փորձից մի քանի օր անց։ Արտակարդ դրության ռեժիմը թուրքական իշխանությունները երկարաձգել են 7 անգամ։

Այդ իրավիճակում Թուրքիայում սահմանափակումներ էին գործում հանրահավաքների և այլ զանգվածային միջոցառումների անցկացման վրա։ Ընդլայնվել էին ուժային կառույցների իրավունքները։

Այս ընթացքում Թուրքիայի իշխանություններն արձակել են օրենքի ուժ ունեցող 35 հրամանագիր, որոնցով աշխատանքից հեռացվել է ավելի քան 130 հազար պաշտոնյաներ, իրավաբաններ, ուսուցիչներ և ուժային կառույցների ծառայողներ։ Աշխատանքից ազատվողները հիմնականում կասկածվում էին Գյուլենական շարժման հետ կապեր ունենալու մեջ։ Թուրքիայի իշխանությունները հենց այս շարժմանն են մեղադրում հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ։

Եվրոպական որոշ պետություններ Թուրքիային մեղադրում էին արտակարգ դրություն սահմանելու և այդ ռեժիմը երկարաձգելու համար՝ նշելով, որ դա սահմանափակում է քաղաքացիների ազատությունը։

Ինչպես հայտնում է թուրքական Hurriyet թերթը, Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պատրաստվում է խորհրդարան ներկայացնել ահաբեկչության դեմ պայքարի մասին մի օրինագիծ, որն իշխանություններին կտա նույն հնարավորությունները, ինչը նրանք ունեին արտակարգ դրության պայմաններում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.