Ադրբեջանի ագրեսիայի դեպքում Հայաստանը կարող է զերծ չմնալ իր զինանոցում առկա բոլոր զինատեսակները կիրառելու «գայթակղությունից». Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարարի համար հատուկ անհանգստություն է առաջացնում ադրբեջանական զինուժի ակտիվացումը Հայաստանի հետ սահմանի նախիջևանյան ուղղությամբ, որտեղ մինչ այժմ հարաբերական հանգստություն էր: Այդ հատվածում ռազմական պրովոկացիայի ցանկացած արտահայտում հղի է մեծ ճգնաժամի բորբոքմամբ, որը կառնչվի նաև տարածաշրջանային այլ խաղացողների։ Այս մասին, ինչպես գրում է «Արմենպրես»-ը, EADaily-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Նախարարը շեշտել է, որ Հայաստանը խաղաղություն խնդրողի կարգավիճակում չէ և Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի դեպքում կարող են չդիմանալ  ձեռքի տակ եղած ռազմական արսենալի կիրառման «գայթակղությանը»:

«Հայաստանի կառուցողական դիրքորոշմամբ հանդերձ, չեմ ցանկանում, որ ձեզ մոտ տպավորություն ստեղծվի, թե Հայաստանը խաղաղություն խնդրողի դերում է: Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այսքան վստահ չլինել նրանում, որ նա է վերահսկում ռազմական իրավիճակի սրման հարցը: Այսինքն՝ չի լինի այնպես, որ միջնորդներին հաջողվի համոզել հայկական կողմին դադարեցնել պատասխան պատժիչ գործողությունները ադրբեջանական կողմից սանձազերծած ռազմական գործողությունների վերսկսման պարագայում՝ Բաքվի կողմից նույնիսկ սահմանափակ մասշտաբով ռազմական գործողություններ իրականացնելու դեպքում: 2016 թվականի ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնության դեպքում հայկական կողմը կարող է և զերծ չմնալ իր զինանոցում առկա բոլոր զինատեսակների կիրառման «գայթակղությունից»՝ հակառակորդին տալով մասշտաբային և որոշիչ հակահարված», - ընդգծել է Դավիթ Տոնոյանը:

Անդրադառնալով արցախաադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից ռազմական տեխնիկայի և մարդկային ուժի կուտակման մասին հարցադրմանն ու լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման վտանգին՝ նախարար Տոնոյանը նկատել է, որ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը միշտ մեծ է բանակցությունների ընթացում Բաքվի առավելապաշտական պահանջների պայմաններում:

«Ադրբեջանական զինուժի ակտիվացման և կուտակումների մասին հաղորդագրությունները ճիշտ են, և նմանատիպ գործընթացները դիտարկվում են ոչ միայն արցախաադրբեջանական շփման գծում, այլև Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին, մասնավորապես, նախիջևանյան ուղղությամբ: Ադրբեջանի պահվածը ոչ այլ ինչ է, քան ուժի կիրառման սպառնալիք, մինչդեռ հենց ուժի կիրառման բացառումն է դրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի հիմքում, ինչպես ցանկացած այլ կոնֆլիկտի», - ասել է ՀՀ պաշտպանության նախարարը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.