Սպիտակ տունը չի մեկնաբանում Թրամփի և Ռոհանիի միջև ուղիղ բանակցություններ անցկացնելու հնարավորությունը

Սպիտակ տան մամուլի ծառայության ղեկավար Սառա Սանդերսը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի միջև ուղիղ բանակցությունների կազմակերպման հնարավորությունը։

«Չեմ խորանա մանրամասների մեջ, առավել ևս չեմ ուզում այս հարցը քննարկել ԶԼՄ ներկայացուցիչների հետ։ Տվյալ հարցի շուրջ որոշումը կայացնելու է նախագահը։ Նրա վերջնական նպատակն այն է, որ միջուկային զենքը չընկնի իրանցիների ձեռքը», - լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սանդերսը։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը «կտառապի աննախադեպ հետևանքներից, եթե շարունակի սպառնալ ԱՄՆ-ին»։ Թրամփի այս հայտարարությունը հնչել էր ի պատասխան Ռոհանիի ակնարկին։ Վերջինս Միացյալ Նահանգերին կոչ էր արել «կրակի հետ խաղ չանել»՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում ԱՄՆ-ը շատ կզղջա։

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս Իրանի միջուկային համաձայնագրի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից, ըստ որի Իրանը պետք է սահմանափակեր ուրանի հարստացման իր ծրագիրը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից սահմանված մի շարք պատժամիջոցների չեղարկման փոխարեն։ Ամերիկյան վարչակազմի ղեկավարի խոսքով՝ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրն Իրանին հնարավորություն էր տալիս միջուկային ռումբեր ստեղծել։

Հատկանշական է, որ միջնորդ երկրները բազմիցս զգուշացրել են Միացյալ Նահանգներին զերծ մնալ նման որոշում կայացնելուց։

Աղբյուր՝  https://ria.ru/world/20180723/1525177516.html

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.