Թրամփը կարծում է, որ Ռուսաստանն ամերիկյան ընտրություններին միջամտում է ի օգուտ դեմոկրատների․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասկածում է, որ Ռուսաստանն ամերիկյան ընտրություններին միջամտում է ի օգուտ դեմոկրատների։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Հոգան Գիդլին։

Ավելի վաղ Թրամփը թվիթերյան գրառման միջոցով հայտարարել էր, որ «ռուսական միջամտությունն» ի օգուտ դեմոկրատների է։ Լրագրողները Սպիտակ տան ներկայացուցիչներին հարցրել էին, թե իրոք Թրամփն այդպես է մտածում, և սա ապացուցող ինչ փաստեր կան։

«Թրամփը խոսում է մեր ընտրություններին մշտական միջամտության մասին․ նա կարծում է, որ դա տեղի է ունեցել։ Թրամփը կարծում է, որ ռուսները միջամտում են դեմոկրատների օգտին։ Նրանք ընդդիմադիր կուսակցություն են։ Իր թվիթերյան գրառումներում Թրամփը հենց սա նկատի ուներ», - հայտարարել է Գիդլին։

Վերջին երկու տարվա ընթացքում դեմոկրատները Թրամփին մեղադրում էին Ռուսաստանի հետ դավադրության մեջ լինելու համար։

Այս տարվա նոյեմբերի 6-ին ԱՄՆ Կոնգրեսում տեղի են ունենալու միջանկյալ ընտրություններ, որոնց ընթացքում ընտրվելու են ներկայացուցիչների պալատի ամբողջական կազմը և սենատի 35 անդամներ։

Ամերիկյան նախագահական ընտրություններին ռուսական ենթադրյալ միջամտության գործով զբաղվում է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը։ Այս գործով լսումներ են անցկացվում նաև Ներկայացուցիչների պալատի՝ հետախուզության հարցերով հանձնաժողովում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.