Շոյգուն Գերմանիային խորհուրդ է տալիս Մոսկվայի հետ ուժի դիրքերից չխոսել

Ռուսաստանը չի հանդուրժի, որ իր հետ ուժի դիրքերից խոսեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Այս տարվա ապրիլին Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լայենը  հայտարարել էր, որ անհրաժեշտ է ավելի խիստ դիրքորոշում որդեգրել Մոսկվայի նկատմամբ։

Մեկնաբանելով այս հայտարարությունը՝ Շոյգուն Լայենին խորհուրդ է տվել հիշել պատմությունը։

«Այն ամենից հետո, ինչ Գերմանիան արել է մեր երկրում, կարծում եմ՝ շուրջ երկու հարյուր տարի այնտեղ չպետք է այդ մասին խոսեն։ Պետք չէ ելույթ ունենալ», - ընդգծել է Շոյգուն։

Բացի այդ, ՌԴ պաշտպանության նախարարը խորհուրդ է տվել «պապիկներից հարցնել, թե ինչ է նշանակում Ռուսաստանի հետ ուժի դիրքերից խոսելը»։ Միևնույն ժամանակ Շոյգուն ընդգծել է, որ Մոսկվան նախկինի պես բաց է յուրաքանչյուր երկխոսության և համագործակցության համար։

Ռիա Նովոստի-ն գրում է, որ մի շարք եվրոպական երկրներ վերջերս սկսել են կոչեր հնչեցնել Ռուսաստանի հետ ուժի դիրքերից խոսելու մասին։ Բացի Գերմանիայի պաշտպանության նախարարից, նման հայտարարությամբ են հանդես եկել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը և Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միքսերը։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի թվիթերյան էջում հրապարակվել էր մի տեսանյութ, որտեղ Ռուսաստանը ներկայացվում էր որպես Հյուսիսատլանտյան դաշինքին սպառնացող համար առաջին վտանգ։

Վերջին տարիներին Ռուսաստանը բազմիցս հայտարարել է իր սահմանների մոտ ՆԱՏՕ-ի աննախադեպ ակտիվության մասին։

Աղբյուր՝  https://ria.ru/world/20180812/1526388395.html?referrer_block=index_main_2

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.