Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել Եմենի ապստամբների հրթիռային հարվածները

Օգոստոսի 17-ին Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են Եմենի ապստամբների (հուսիներ, «Անսարալլահ» շարժման կողմնակիցներ) կողմից արձակված բալիստիկ հրթիռը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով  Al Hadath հեռուստաալիքին։

Նշվում է, որ հրթիռը խոցվել է թագավորության հարավային Նաջրան քաղաքի օդային տարածքում։

Վերջին ամիսների ընթացքում «Անսարաալլահ» շարժումը բազմիցս հայտարարել է Սաուդյան Արաբիայի՝ Եմենի հետ սահմանակից նահանգը հրթիռակոծելու մասին։ Ռիադն, իր հերթին, հայտարարում էր, որ հրթիռները խոցվել են ՀՕՊ համակարգերի կողմից։ Արաբական կոալիցիայի հայտնած տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ խոցվել է ավելի քան 150 բալիստիկ հրթիռ, որոնք հուսիներն արձակել էին Սաուդյան Արաբիայի ուղղությամբ։

Նշենք, որ 2014 թ. օգոստոսից Եմենում շարունակվում է կառավարական ուժերի և ապստամբ հուսիների հակամարտությունը: Այն առավել ակտիվ փուլ է մտել 2015 թ. մարտին, երբ հակամարտությանը միջամտել է Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիան:

Նախորդ տարվա նոյեմբերի 29-ին Սանայում ընթացել են դաժան մարտեր, ինչի պատճառը Եմենի նախկին նախագահ Ալլահ Սալեհի կողմնակիցների վերահսկողության տակ գտնվող մի շարք կարևոր օբյեկտներ գրավելու հուսիների ցանկությունն էր։ Բախումների հետևանքով զոհվել էր մոտ 250 մարդ։

ՄԱԿ-ի տվյալներով՝ 2015 թ․ գարնանից սկսած հակամարտության զոհ է դարձել ավելի քան 10 հազար մարդ, իսկ մարդասիրական օգնության կարիք ունի Եմենի բնակչության մոտ 70%-ը, կամ ավելի քան 21 միլիոն մարդ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.