Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը մեկնաբանել է Անկարայում ԱՄՆ դեսպանատան վրա կատարված հարձակումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Անկարայում ԱՄՆ դեսպանատան վրա կատարված զինված հարձակումը համարում է քաոսային իրավիճակ ստեղծելու փորձ։

Այս մասին Քալընը գրել է իր թվիթերյան էջում։

«Դատապարտում ենք ԱՄՆ դեսպանատան վրա կատարված հարձակումը։ Սա քաոս ստեղծելու բացահայտ փորձ է։ Թուրքիան ապահով պետություն է, և օտարերկրյա բոլոր ներկայացուցչությունները պահպանության տակ են։ Դեպքը հետաքննվում է և կբացահայտվի ամենակարճ ժամկետում», - գրել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը։

Ավելի վաղ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը, մեկնաբանելով տեղի ունեցած հարձակումը, այն համարել էր սադրանք։

Հիշեցնենք, որ օգոստոսի լույս 20-ի գիշերը զինված հարձակում էր տեղի ունեցել Անկարայում ԱՄՆ դեսպանատան վրա։ Անհայտ անձինք կրակոցներ էին արձակել դեսպանատան ուղղությամբ։ Արձակված գնդակները դիպել էին դեսպանատունը հսկող ոստիկանների համար նախատեսված խցին։ Տեղի ունեցածի հետևանքով ոչ ոք չի տուժել։

Հիշեցնենք, որ թուրք-ամերիկյան հարաբերություները վերջերս բավական լարված են։ Թուրքիայի իշխանությունները ձերբակալել էին ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին՝ մեղադրելով վերջինիս Քրդստանի աշխատավորական կուսակցության և Գյուլենական շարժման հետ կապ ունենալու մեջ։ Թուրքական իշխանությունները հենց այս շարժման են մեղադրում Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ։

Ավելի ուշ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլի և ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի նկատմամբ՝ նրանց մեղադրելով «մարդու իրավունքները կոպտորեն խախտելու» մեջ։ Բացի այդ, Միացալ Նահանգները կրկնակի ավելացրեց Թուրքիայից ալյումինի և պողպատի ներմուծման մաքսատուրքերի չափը։

Այս ամենի հետևանքով թուրքական արժույթը (լիրա) դոլարի համեմատ արժեզրկվել է՝ հասնելով պատմական նվազագույնի (6,41 լիրա 1 դոլարի դիմաց):

Ի պատասխան՝ Թուրքիան ավելացրել է ամերիկյան մի շարք ապրանքների, այդ թվում՝ ծխախոտի, ավտոմեքենաների, ալկոհոլային խմիչքների, բրնձի, մրգերի ներմուծման մաքսատուրքերի չափը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.