Պուտինը և Թրամփը չեն քննարկել պատժամիջոցների մեղմացման կամ չեղարկման պայմանները․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման ժամանակ վերջինս չի բարձրացրել այն հարցը, թե Վաշինգտոնն ինչ գործողություններ է սպասում Մոսկվայից Սիրիայի և Ուկրաինայի հարցերում, որպեսզի մեղմացնի կամ վերացնի հակառուսական պատժամիջոցները։

«Ոչ, այդ մասին ընդհանրապես խոսակցություն չի եղել», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին։

Պեսկովի խոսքով՝ Կրեմլն սպասում է Սիրիայում և Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցով համագործակցության կոնկրետ առաջարկների, ինչն ավելի վաղ Թրամփը ներկայացրել էր որպես պատժամիջոցների չեղարկման պայման։

«Պետք է հասկանալ՝ կոնկրետ ինչ պայմանների մասին է խոսքը։ Մենք, իհարկե, ողջունում ենք հայտարարությունները, որոնք հաստատում են համագործակցելու պատրաստակամությունը, բայց ավելի լավ կլիներ կոնկրետ գործողություններ տեսնել», - ասել է Կրեմլի մամուլի խոսնակը։

Խոսելով սիրիական հակամարտության մասին՝ Պեսկովն ընդգծել է, որ աշխարհի ոչ մի պետություն այնքան ներդրում չի ունեցել այս հակամարտության կարգավորման և փախստականների վերադարձի համար անհրաժեշտ պայմանների ստեղծան գործում, որքան Ռուսաստանը։

Կրեմլի մամուլի խոսնակը նշել է նաև, որ Պուտինի և Թրամփի հանդիպման ընթացքում չի քննարկվել Սիրիայում Իրանի զինված ուժերի զսպման հարցը։

Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ հրապարակել էին ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունն այն մասին, թե իբր Ռուսաստանը, ինչպես ԱՄՆ-ը և Իսրայելը, նույնպես դեմ է Սիրիայում Իրանի ռազմական ներկայությանը։

Աղբյուր՝  http://tass.ru/politika/5475633

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.