Անընդունելի է ԱՄՆ-ի կողմից Թուրքիայում օրենքի գերակայության սկզբունքի անտեսումը․ Էրդողանի խոսնակ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընն անընդունելի է համարում, որ Միացյալ Նահանգները փորձում է անտեսել թուրքական օրենսդրությունը ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնի գործում։ Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։

«Անշուշտ, մենք անընդունելի ենք համարում ԱՄՆ-ի՝ մեր դատական գործընթացները հաշվի չառնելու փորձերը։ Թուրքիայում գործում է օրենքի գերակայության սկզբունքը։ Էնդրոյւ Բրանսոնի նկատմամբ, որպես ֆիզիկական անձի, սկսվել են իրավական գործընթացներ», - ասել է Քալընը։

Նրա այս հայտարարությունը պատասխանն էր ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ ավելի վաղ արած հայտարարությանը, ըստ որի՝ թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա ճգնաժամը հնարավոր է հաղթահարել վայրկենապես, եթե Անկարան ազատ արձակի Բրանսոնին։

Օգոստոսի 17-ին Իզմիրի դատարանը կրկին մերժել էր քահանային տնային կալանքից ազատելու մասին միջնորդությունը։

Օգոստոսի 1-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլի և ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի նկատմամբ։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել էր ԱՄՆ-ի այս որոշումը և կոչ արել այն չեղարկել։

Ամերիկացի քահանա Էնդյու Բրանսոնը ձերբակավել է նախորդ տարի։ Նա մեղադրվում է Քրդստանի աշխատավորական կուսակցության և Գյուլենական շարժման հետ կապ ունենալու մեջ։ Թուրքական իշխանությունները հենց այս շարժման են մեղադրում Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ։

Մայիսի 7-ին Բրանսոնը կանգնել է թուրքական դատարանի առաջ և չի ընդունել ահաբեկչական գործունեություն ծավալելու և լրտեսության մասին մեղադրանքները։ Հուլիսի 25-ին նրա նկատմամբ սահմանվել է տնային կալանք։ Դատախազությունը պահանջում է 35 տարվա ազատազրկման ենթարկել քահանային։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.