Իրանի նկատմամբ պատժամիջոցները լինելու են ավելի խիստ, քան միջուկային համաձայնագրից առաջ գործողները․ Թրամփի խորհրդական

Պատժամիջոցները, որոնք Վաշինգտոնը պատրաստվում է սահմանել Թեհրանի նկատմամբ, ավելի խիստ են լինելու, քան միջուկային համաձայնագրի կնքումից առաջ գործող պատժամիջոցներն էին․ բիզնեսի համար բացառություններ չեն լինելու։ Այս մասին Իսրայելում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները «կանգ չի առնի, եթե նույնիսկ պատժամիջոցները հասնեն մինչև 2015 թ․ միջուկային համաձայնագրի ժամանակվա խստության»։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի նպատակն է հասնել այն բանին, որ բացառություններ չլինեն նույնիսկ բիզնեսի համար։

Նախկինում՝ ամերիկյան նախորդ վարչակազմի օրոք, բիզնեսով զբաղվող ընկերություններին թույլ էր տրվում որոշակի պայմաններով գործեր ունենալ Իրանի հետ։ Մասնավորապես՝ թույլատրվում էր դեղորայք և սնունդ ուղարկել Իրան։

Հիշեցնենք, որ 2015 թ. հուլիսին Իրանը և միջազգային միջնորդերի վեցնյակը (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) համաձայնության են եկել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ և ստեղծել են Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր: Իրանը պարտավորվել է սահմանափակել ուրանի հարստացման ոլորտում տարվող աշխատանքները՝ մի շարք պատժամիջոցների չեղարկման փոխարեն: 2016 թ․ հունվարին համաձայնագիրը թևակոխել է կենսագործման փուլ։

Մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս Իրանի միջուկային համաձայնագրի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից, ըստ որի Իրանը պետք է սահմանափակեր ուրանի հարստացման իր ծրագիրը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից սահմանված մի շարք պատժամիջոցների չեղարկման փոխարեն։ Ամերիկյան վարչակազմի ղեկավարի խոսքով՝ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրն Իրանին հնարավորություն էր տալիս միջուկային ռումբեր ստեղծել։

Հատկանշական է, որ միջնորդ երկրները բազմիցս զգուշացրել են Միացյալ Նահանգներին զերծ մնալ նման որոշում կայացնելուց։

Աղբյուր՝  http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5481969

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.